ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյանը մասնակցել է ImpactAim աքսելերատորի պաշտոնական բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում առաջին հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատորի՝ ImpactAim-ի պաշտոնական բացման արարողությանը: ImpactAim աքսելերատորը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործընկերության շրջանակում ստեղծված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կարևոր բաղադրիչներից է:

Կարևորելով նախաձեռնությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «ՄԱԿ-ի մեր գործընկերների մտահղացմամբ՝ այս աքսելերատորի նպատակը և´ գործող ստարտափերին, և´ վենչուրներին մաքսիմալ օժանդակելն է, հասկանալ՝ որքա՞ն ներդրումներ են անհրաժեշտ, հող նախապատրաստել այդ ներդրումների համար, աքսելերացիա անել այդ ընկերությունները, որպեսզի նաև իրենք կարողանան արդյունավետ մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի զարգացման նպատակների իրականացմանը: Մի քանի առիթով խոսել եմ աքսելերացիայի անհրաժեշտության մասին և այս պահին էլ եմ ցանկանում ֆիքսել. և´ ստարտափերի, և´ ինչ-որ առումով կայացած բիզնեսների համար չափազանց կարևոր է շուկաներում մրցունակ լինելը, այն կոմերցիալիզացնելը և կապիտալիզացնելը, ներդրումներ ներգրավելը, բիզնեսն ընդլայնելը, և կարծում եմ, որ այս հարթակը կծառայի այդ նպատակին: Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, և մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականությանը»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բաց մրցակցային պայմաններում բավական հետաքրքիր, լավ տեմպերով զարգացումներ են արձանագրվում: «Պետք է ֆիքսել, որ մեր ներկայացուցիչները կարող են հաջողակ լինել՝ նաև մրցելով մարդկային և ֆինանսական ռեսուրսների առումով շատ ավելի ուժեղ կառույցների հետ: Կառավարությունը մաքսիմալ շահագրգռված է և կօգտագործի իր ողջ ներուժը, որպեսզի կարողանանք աջակցել ձեզ՝ այս ոլորտը զարգացնելու և բիզնեսն ընդլայնելու գործում՝ թե´ երկրի ներսում,թե´ արտաքին շուկաներ գրավելու առումով», - ասել է Կարեն Կարապետյանը: 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր ելույթում նշել է, որ Հայաստանը լավ փորձարարական հարթակ է միջազգային կազմակերպությունների, հանրօգուտ ներդրողների և սոցիալական ձեռներեցների միջև ռազմավարական համագործակցության համար, և աքսելերատորի նախաձեռնությունը 2017 թ. մարտ ամսին կազմակերպված «Հանրօգուտ ներդրումներ միջազգային զարգացման համար» գլոբալ գագաթնաժողովի արդյունքներից է: «Իր տեսակով այս աքսելերատորը կլինի առաջին հարթակը՝ ուղղված նորարարական և ավելի արդյունավետ մոտեցումների միջոցով սոցիալական բարիքի ստեղծմանը», - ասել է նա:
ՄԱԶԾ հանրօգուտ ներդրումների (impact investment) ռազմավարության մաս հանդիսացող աքսելերատորը նոր նախաձեռնություն է, որի նպատակը ՄԱԶԾ-ի գլոբալ ցանցի և փորձի կիրառմամբ սոցիալական ձեռնարկությունների ու հանրօգուտ ուղղվածություն ունեցող ընկերությունների ազդեցության մեծացումն է Հայաստանում և այլ երկրներում՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: ՄԱԶԾ-ի նախաձեռնած աքսելերացիոն ծրագիրն իրականացվելու է ImpactHub Yerevan-ի և Catalyst Foundation-ի հետ համատեղ:

ImpactAim աքսելերատորի առաջին փուլին ստացվել է 96 մասնակցության հայտ՝ աշխարհի 25 երկրից: Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2017 թ. նոյեմբերին. այն կտևի 12 շաբաթ, կմասնակցեն 7 բիզնես ընկերություն և 2 ընկերություն՝ որպես ունկնդիր: Ուսումնական դասընթացների և հատուկ ծրագրի միջոցով ընկերությունները կարող են ամրապնդել իրենց շուկայական բազան, ընդլայնել ազդեցությունը և ավելացնել ներդրումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: