ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ արտաքին քաղաքական կարևորագույն իրադարձությունները և հիմնական ձեռքբերումները 2017 թ.-ին

2017 թվականը կարելի է համարել հաջողված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար: Երևանը 2017-ին շարունակեց էլ ավելի ամրապնդել համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաև քայլեր ձեռնարկվեցին այդ շրջանակի ընդլայնման ուղղությամբ: Այսպես, տարին հանգեցած էր հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Թուրքմենստանի հետ բարձրաստիճան փոխայցելություններով, ինչպես նաև բազմաթիվ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25-ամյակին նվիրված միջոցառումներով:

Տարվա ընթացքում բավականին մեծ ուշադրություն է հատկացվել հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: 2017 թվականին շարունակել են դինամիկ զարգանալ հայ-իրանական հարաբերությունները: Բարձրաստիճան փոխայցելությունների (այդ թվում նախագահ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Իրան, իր հերթին Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը) ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնական վերաբերվում էին տնտեսական հարաբերություններին: Վերջինիս զարգացման հարցում կարող է էական նշանակություն ունենալ տարեվերջին գործարկված Մեղրիի ազատ տնտեսական գոտին:

2017 թվականին քայլեր են ձեռնարկվել նաև հարևան Վրաստանի հետ հարարաբերությունների զարգացման ուղղությամբ: Տարվա ընթացքում տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններն եզրափակվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած երկօրյա պաշտոնական այցով: Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերություններում թերևս առաջնայինը տարածաշրջանային մի շարք ծրագրերում Թբիլիսիի հակահայկական կեցվածքի չեզոքացումն էր:

Ինչ վերաբերում է մեր մյուս հարևաններին՝ Թուրքիային և Ադրբեջանին, ապա նշենք, որ տարին որևէ դրական զարգացում չգրանցեց հայ-թուրքական հարաբերություններում, և նման իրավիճակի պահպանման պայմաններում Հայաստանը հայտարարել է, որ մինչև 2018 թվականի գարուն հայ-թուրքական արձանագրությունները կճանաչվեն առոչինչ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին և, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ զարգացումներին, նշենք, որ 2017 թվականին գրանցվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի ակտիվացում, ինչի արդյունքում Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այս ջանքները որոշակիորեն նպաստեցին տարեվերջին սահմանին լարվածության համեմատաբար մեղմացմանը, սակայն բանակցային գործընթացում առաջընթաց դեռ չի նկատվում:

Անդրադառնալով անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մյուս ուղղություններին՝ նշենք, որ 2017 թվականին Հայաստանը շարունակեց զարգացնել հարաբերություններն արաբական երկրների հետ. տարին հատկապես արդյունավետ էր Իրաքի, Սիրիայի, ԱՄԷ-ի և Կատարի հետ հարաբերությունների զարգացման համար: Նշենք, որ վերջին տարիներին Ծոցի միապետությունների հետ հարաբերությունների զարգացումը գտնվում է Հայաստանի արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում: Այս մասին վկայում են ինչպես բավականին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն, այնպես էլ այն հանգամանքը, որ 2017 թվականին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄԷ, իսկ պաշտոնական այցով՝ Կատար: Արաբական միապետությունների հետ հարաբերություններում Երևանի հետաքրքրվածության մասին խոսում է նաև այն հանգամանքը, որ Կատարի շուրջ ճգնաժամի թեժ օրերին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատև այցով մեկնեց Կատար, որտեղ քննարկվեցին ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ Կատարի ԱԳ նախարարի հետ մտքեր փոխանակվեցին Պարսից Ծոցում տեղի ունեցող զարգացումների մասին:

Տարին արդյունավետ էր նաև մերձավորարևելյան մեկ այլ երկրի՝ Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: 2017 թվականին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Իսրայել, որտեղ հանդիպումներ ունեցավ երկրի բարձր ղեկավարության՝ այդ թվում նաև վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Նշենք, որ սա ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցն էր այս երկիր (մինչ այդ եղել է ԱԳ նախարարների 4 աշխատանքային այց՝ վերջինը 2000 թվականին), ինչը վկայում է հայ-իսրայելական հարաբերություններում որակական փոփոխության մասին:

Եվրոպական ուղղությամբ ևս Երևանը 2017 թվականին լուրջ առաջընթաց է գրանցել: Նշենք, որ տարվա ընթացքում Երևանն ավելի շատ կենտրոնացած էր ոչ թե առանձին եվրոպական երկրների, այլ Եվրոպական միության հետ հարաբերությունները զարգացնելու վրա: Եվ Հայաստանի ջանքերն այս ուղղությամբ հաջողությամբ պսակվեցին. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության պայմաններում նման համաձայնագրի ստորագրումը վստահաբար կարելի է որակել որպես 2017 թվականի Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ձեռքբերում: Այսպիսով, պաշտոնական Երևանը, չնայած հոռետեսական կանխատեսումներին, ցույց տվեց, որ «և՛-և՛»-ի քաղաքականությունը հնարավոր է:

Նշենք, որ այս տարի Հայաստանը շարունակել է ակտիվ դերակատարում ունենալ նաև ինտեգրացիոն այլ գործընթացներում՝ մասնավորապես ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում: Երևանը նաև ակտիվ հանագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ: Նշենք, որ տարին հատկապես արդյունավետ էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության առումով:

2017 թվականին Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ:

2017 թվականին Հայաստանը միացավ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը,  Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիանյին, Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դրուրացման վերաբերյալ համաձայնագրին, ստորագրվեց Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը:

Նշենք, որ 2017 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիբերիայի, Նաուրուի, Բահամների, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Միկրոնեզիայի, Պալաուի, սենթ Քիսթ և Նևիսի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: