ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են Ցեղասպանության ժամանակ ճապոնացիներն օգնել փրկվել հայերին և հույներին

Ինչպես հայտնում է Akunq.net-ը՝ հղվելով Asbarez.com-ին, Հայոց ցեղասպանության ընթացքում ճապոնացիների մարդասիրության վերաբերյալ երևի ամենանշանակալի պատմությունը ճապոնական նավի կապիտանի ու նավատորմի անձնակազմի կողմից 1922 թ․ Զմյուռնիայի աղետից հետո նավահանգիստ փախած գաղթականների կյանքը փրկելն է։ Երբ 1922 թ․ սեպտեմբերի 9-ին թուրքական ազգայնական զորքերը մտել և գրավել էին քաղաքը, հարյուր հազարավոր հայ ու հույն գաղթականներ փախել էին դեպի Զմյուռնիայի նավահանգիստ։ Թուրքերի կողմից քաղաքի գրավմանը հաջորդել են հայ ու հույն քաղաքացիների՝ սովորական դարձած կոտորածներն ու արտաքսումը։ 4 օր անց քաղաքի հայկական հատվածում կրակ է բռնկվել, որն ավերել է քաղաքի մեծ մասը։ Աղետին ականատես մոտ 20 դաշնակցի ռազմանավեր ու բեռնատար նավեր էին կանգնած նավամատույցում, այդ թվում՝ մեկ ճապոնական։ Բազմաթիվ օտարերկրացիներ ականատես են եղել, թե ինչպես է ճապոնական նավը մոբիլիզացվել, որպեսզի փրկի խելագարության եզրին հասնող փախստականներին։ Տիկին Աննա Հարլոու Բիրջը, ով Զմյուռնիայի միջազգային քոլեջի ամերիկացի պրոֆեսոր Բիրջի կինն էր, ականատես է դարձել, թե ինչպես են հուսահատ փախստականները Զմյուռնիայի այրվելու ժամանակ հավաքվել նավակայանի մոտ։ Կարելի էր տեսնել լողացող կանանց ու տղամարդանց, ովքեր հույս ունեին, որ կփրկվեն, այնինչ խեղդվում էին։ Աննան գրում է․ «Այդ ժամանակ նավամատույցում կանգնած էր նաև  ճապոնական մի բեռնատար նավ, որը հենց նոր էր ժամանել՝  բեռնված շատ արժեքավոր մետաքսով, ժանյակով և ճենապակով, որոնք հազարավոր դոլարներ արժեին։ Երբ ճապոնացի կապիտանը տեսավ իրավիճակը, չվարանեց։ Ամբողջ բեռը լցվեց նավամատույցի կեղտոտ ջրերի մեջ, իսկ նավ նստեցին մի քանի հարյուր գաղթականներ։ Նրանց տարան Պիրաեուս և ապահով իջեցրեցին հունական ափ»․ սա զետեղված է Թ․ Ստավրիդիսի՝ Ամերիկայում հելլենական միջազգային հիմնադրամի ամսագրում տպագրված  հոդվածում։

Այս մասին մեկ այլ հաղորդում կա «Նյու Յորք թայմս» պարբերականում 1922 թ․ սեպտեմբերի 18-ին․ «Գաղթականներն անընդհատ գալիս էին․․ Զմյուռնիայի աղետի նոր զարգացումների հետևանքով։ Չորեքշաբթի օրը (սեպտեմբերի 14-ին) Զմյուռնիայում  կար փախստականներին տեղափոխող 6 շոգենավ՝ մեկ ամերիկյան, մեկ ճապոնական, երկու ֆրանսիական ու երկու իտալական։ Ամերիկյան ու ճապոնական շոգենավերն ընդունում էին բոլոր եկողներին՝ առանց նրանց թղթերն ստուգելու, մինչդեռ մյուսները ընդունում էին միայն օտարերկրացիներին՝ անձնագրերով»։

Ճապոնական նավի մարդասիրական գործողությունների մասին վկայում են նաև Զմյուռնիայի աղետից փրկված հայերն ու հույները։ Կան ականատեսների բազմաթիվ վկայություններ այդ մասին։ Դրանք հայտնաբերել են պատմաբաններ Ստավրոս Ստավրիդիսն ու ճապոնացի Նանակո Մուրատա-Սավայանագին իրենց Ճապոնիայի ու Զմյուռնիայի աղետի շուրջ իրականացրած ուսումնասիրության ընթացքում։ Վերջերս Ստավրիդիսին հաջողվել է գտնել նավի անունը՝ Տոկեի Մարու, որը հրապարակվել է այդ ժամանակի բազմաթիվ հունական թերթերում։ 2016 թ․ հունիս ամսին Աթենքում հունական համայնքի կազմակերպությունները պարգևատրել են Ճապոնիայի դեսպան Մասուօ Նիշիբայաշիին վահանի ձև ունեցող պարգևով՝ ի պատիվ 1922 թ․ Զմյուռնիայի աղետի ժամանակ իրենց ազգին փրկելուն ուղղված ջանքերի։ Դա մի ժեստ է, որին ես հավատում եմ, որ հայկական համայնքներն էլ պետք է հետևեն։

Ճապոնացիների մարդասիրական արձագանքը մեկն է այդ աղետալի դեպքերի ժամանակ միջազգային բարի կամքի դրսևորման պատմություններից․ դեպքեր, որոնք գրեթե ամբողջությամբ վերացրել են Օսմանյան կայսրությունում բնակվող քրիստոնյա համայնքները։ Մոտ 50 ազգ մասնակցել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի փրկության գործին։ Չնայած նրան, որ Ցեղասպանության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների մեծ մասն ուղղված է դրա՝ որպես չարիք լինելուն, այնուամենայնիվ կան անհամար պատմություններ մարդկանց կարեկցանքի ու մեծահոգության մասին, որոնք պետք է ուսումնասիրվեն գիտնականների կողմից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: