ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ և Չինաստանի միջև ցանկացած հակամարտություն կապակայունացնի համաշխարհային տնտեսությունը. Շաստրի Ռամաչանդարան (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց անկախ լրագրող, խմբագիր, սյունակագիր, հրատարակչական խորհրդատու Շաստրի Ռամաչանդարանի հետ, ով աշխատել է Հնդկաստանում, Չինաստանում, Եվրոպայում, հեղինակել է տարածաշրջանային և գլոբալ հարցերի վերաբերյալ մի շարք աշխատություններ: Այժմ նա «Չինաստանի և Հնդկաստանի երկխոսություն» ամսագրի ավագ խորհրդատուն և խմբագիրն է: Շաստրի Ռամաչանդարան հանդիսանում է նաև The Times of India, The Tribune թերթերի գլխավոր խմբագիր, The Citizen-ի և Daily News & Analysis-ի սյունակագիր:

 - Խնդրում եմ, ամփոփեք Չինաստանի արտաքին քաղաքականությունը 2017 թվականին: Ի՞նչ հիմնական իրադարձություններ կարող եք առանձնացնել:

- Կարծում եմ` Չինաստանի համար տարին իրադարձություններով լի էր: Չինաստանը Հնդկաստանի մեծ հարևանն է: Արտաքին քաղաքականության ճակատում եղել են զարգացումներ, որոնք ես կարող եմ բաժանել երկու մասի. 1) Հնդկաստանի և Չինաստանի զարգացումները. 2) Չինաստանն ու աշխարհը:

Միայն մի քանի ամիս առաջ մենք շատ վիճահարույց իրավիճակ ունեցանք սահմանի այն հատվածում, որտեղ հատվում են Հնդկաստանի, Բութանի և Չինաստանի տարածքները: Այս վայրը կոչվում է Դոկլամ, որտեղ տվյալ երկրների զորքերը կանգնած էին միմյանց հետ: Իհարկե, Հնդկաստանից և Չինաստանից ստեղծված իրավիճակի վերաբերյալ հակասական մեկնաբանություններ են հնչում: Սակայն, որոշ իրողություններ հստակ են. Չինաստանը գտնվում էր Բութանի տարածքում, Հնդկաստանը`ևս: Բանն այն է, որ երկու երկրների միջև փաստացի վերահսկողության գիծը շատ մասերում դեռ հստակ չէ, իսկ Չինաստանը փորձում էր այնտեղից ճանապարհ կառուցել, որը , հնարավոր է, թույլ կտար ապագայում տարածվել դեպի Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատված: Դա էր պատճառը, որ Հնդկաստանը չէր կարող թույլ տալ, որ չինական զորքերն առաջանան դեպի հարավ կամ արևելք՝ սպառնալով Հնդկաստանի հյուսիսարևելյան տարածքներին:

Բարեբախտաբար, հարցը լուծվեց դիվանագիտական ճանապարհով: Աստանայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեցին, որ իրենք թույլ չեն տա, որ տարաձայնությունները դառնան հակամարտության պատճառ: Այսպիսով, նախ հաջողվեց խուսափել առճակատումից: Երկրորդ՝ հարցը լուծվեց դիվանագիտությամբ: Եվ երրորդ՝ պայմանավորվածությունից հետո բացասական զարգացումումներ դեռևս չեն եղել:

Երկրորդ կարևոր զարգացումը Հնդկաստանի և Չինաստանի միջև իրենց հատուկ ներկայացուցիչների միջև բանակցություններն են, և այժմ երկու երկրները պատրաստ են վերականգնել իրենց միջև վստահության պակասը և կարող են առաջ գնալ տնտեսական համագործակցությամբ, որը Չինաստանի և Հնդկաստանի հարաբերությունների ամենապայծառ կողմն է, քանի որ երկու երկրների միջև առևտուրն ու ներդրումները շատ լավ են զարգացած:

Մեկ այլ իրավիճակ, որտեղ Չինաստանն ու Հնդկաստանը ներգրավված են միջազգային ֆորմատով՝ Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան եռակողմ համաժողովն է: Երեք երկրները նմանատիպ տեսակետներ ունեն աշխարհի թեժ կետերի շուրջ, ինչպիսին Մերձավոր Արևելքն է, Սիրիան, Եմենն ու Հյուսիսային Կորեան: Նրանք միասին աշխատում են տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

- Այս տարվա ընթացքում ինչպե՞ս եք նկարագրում Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները:

- Կարծում եմ`ամենակարևոր զարգացումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարած այցն էր: Նրան հրավիրել էին «Արգելված քաղաքի» պալատ, ինչը բացառիկ արտոնություն և մեծ պատիվ է: Չինաստանը փոխադարձաբար պատասխանում էր նրան, ինչ Թրամփն արել էր նախագահ Սի Ցզինպինի համար: Չինաստանը և ԱՄՆ-ը աշխարհի ամենակարևոր տնտեսական գործընկերներն են: Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ցանկացած հակամարտություն կարող է ապակայունացնել համաշխարհային տնտեսությունը, և նրանք դա լավ գիտեն: Ակնկալվում է, որ Չինաստանի նախագահն ու ԱՄՆ նախագահը կենտրոնացած են տնտեսական և ռազմավարական համագործակցության բարելավման վրա, որպեսզի հակամարտություն չլինի, և առևտուրը և ներդրումները կարողանան հոսել երկու ուղիներով: Իհարկե, ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի «Ամերիկան՝ առաջինը» քաղաքականությունն է վարում, բայց ես կարծում եմ, որ դա մարտահրավեր է Չինաստանի համար: Չինաստանի ներդրումները ԱՄՆ-ում նույնպես աճում են, որպեսզի այն կարողանա ավելի շատ աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում, և երկու երկրները կարող են օգտվել հետագա ներդրումներից և փոխադարձ տնտեսական համագործակցությունից:

- Ինչպե՞ս է լուծվել յուանի ու դոլարի հակասությունը:

- Թրամփը Չինաստանին մեղադրել էր արժույթի մանիպուլյացիայի մեջ, սակայն դա եղել էր նախընտրական քարոզչության ժամանակ: Հիմա նա այլևս թեկնածու չէ, իսկ որպես նախագահ չի շտապում հակամարտության մեջ մտնել այնտեղ, որտեղ նա կարող է բանակցել, ձեռք սեղմել և ընկերներ շահել: Ֆիլիպիններում կայացավ նաև Արևելյան Ասիայի գագաթաժողովը, այնուհետև ԱՍԵԱՆ գագաթնաժողովը, որոնց մասնակցում էր և՛ ԱՄՆ-ը և՛ Չինաստանը: Եվ բոլոր այս վայրերում նրանք ձեռք ձեռքի տված միասին աշխատում էին:

- Ի՞նչ կասեք  Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին:

- Չինաստանը և Ռուսաստանն աշխատում են տանդեմում: Դա հզոր ուժ է ռազմական, ռազմավարական և տնտեսական տեսանկյունից, քանի որ երկուսն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են: Նրանք կարող են հակակշիռ լինել ԱՄՆ-ին, ինչպես Մերձավոր Արևելքում՝ հատկապես Պաղեստինի և Իսրայելի հարցում, այնպես էլ Սիրիայում, երբ մենք խոսում ենք Չինաստանի միջազգային ներգրավվածության մասին:

- Իսկ Հյուսիսային Կորե՞այում:

- Այո, Չինաստանում ԱՄՆ-ից հսկայական ճնշում կա` Հյուսիսային Կորեային զսպելու կամ դրա դեմ պատժամիջոցներ կիրառելու, նավթային մատակարարումները կտրելու առումով: Մինչ այժմ, Չինաստան-Ռուսաստան-ԱՄՆ-Կորեա քառյակը եղել է նույն տեսակետին, թե ինչպես վարվել Հյուսիսային Կորեայի հետ: Նրանք համաձայնել են, որ Հյուսիսային Կորեան չի կարող շարունակել իր հրթիռներով խաղը: Կա պատերազմական իրավիճակ, բայց բուն պատերազմ չկա:

- Ձեր կարծիքով Չինաստանն աջակցո՞ւմ է Հյուսիսային Կորեային՝ սպառնալով ԱՄՆ-ին:

- Չեմ կարծում, որ Չինաստանն աջակցում է Հյուսիսային Կորեային՝ ԱՄՆ-ին սպառնալու համար, սակայն Չինաստանն, իհարկե, չի ցանկանում, որ ԱՄՆ-ն շահագործի Հյուսիսային Կորեան՝ Ասիայում իր ռազմական ներկայությունը բարձրացնելու համար: Քանի որ Հարավային Կորեան և Ճապոնիան ԱՄՆ-ից ավելի շատ ռազմական տեխնիկա են գնում, և իրենց տարածքում տեղադրվում են հրթիռներ: Այդ ամենը մեծ սպառնալիք է Չինաստանի համար:

- Ինչպե՞ս է Չինաստանը ներգրավված Մերձավոր Արևելքի գործերում, չնայած մենք շատ չենք լսում նրա անունը:

- Չինաստանը նաև ընդգրկված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակում: Անցյալ տարի Չինաստանի նախագահը գնաց Միջին Արևելք և խոսեց արաբական առաջնորդների հետ: Առաջին անգամ երկրի առաջնորդը նրանց հետ խոսում էր քաղաքակրթությունների և մշակույթների երկխոսության մասին: Եվ նա նրանց հետ չէր խոսում հակամարտող տոնով, ինչպես արևմտյան առաջնորդներն են դա անում: Կարծում եմ՝ չինացիները չեն ուզում շատ տեսանելի դարձնել, թե կոնկրետ ինչ են անում այդ տարածաշրջանում: Նրանք աջակցում են Ռուսաստանին: Չինացիները Ռուսաստանի հետ են: Նրանք նաև որոշ զինվորական ստորաբաժանումներ են ուղարկել Չինաստանի բանակից՝ Սիրիայում մարտական ​​փորձ ձեռք բերելու համար, իսկ դա հնարավոր է դարձել միայն ռուսների միջնորդությամբ: Այն փաստը, որ Չինաստանը աջակցում է Ռուսաստանին, ռուսական միջամտությունն ավելի արդյունավետ և ավելի հզոր է դարձնում տարածաշրջանում:

- Չինաստանի քաղաքականությունը չէ՞ արդյոք ցանկացած հակամարտություն մեղմելը:

- Այո՛, ճիշտ եք, որովհետև Չինաստանը գլոբալիզացիայի ամենամեծ շահառուն է: Այն ընդլայնվել է, գործարարությամբ զբաղվում է ամբողջ աշխարհում: ԱՀԿ անդամ է: Այնպես որ գլոբալիզացիայի ցանկացած դանդաղումը Չինաստանի վրա կազդի: Երկիրը չի ուզում որևէ հակամարտություն, քանի որ այն շահում է թե՛տնտեսապես, թե՛ քաղաքական առումով, եթե չկա հակամարտություն:

- Իսկ ի՞նչ է տեղի ունենում Չինաստանի ներսում: Այժմ Չինաստանում հայտնվեցին հարյուրավոր «ուրվական քաղաքներ»: Մասնագետները, սակայն, չեն հասկանում, թե ինչու է Չինաստանը կառուցում այդ ​​քաղաքները, որտեղ ոչ ոք չի ապրում: Ի՞նչ եք մտածում դրա մասին:

- Տեխնիկապես դրանք ակտիվներ են նշանակում: Դրանք բարձրացնում են ՀՆԱ-ն, բայց իրականում չեն բարձրացնում բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը կամ որևէ կերպ բարելավում նրանց կյանքը: Նրանք անում են դա, քանի որ չինական արտահանումները նվազել են, ոչ մի արտահոսք չի լինում, չկա շուկա այնպիսի ապրանքների համար, ինչպիսին ցեմենտն է, պողպատը, երկաթը և այլն: Ուստի նրանք կառուցում են սեփական երկրում, հակառակ դեպքում պարզապես կստեն: Նրանք նաև կառուցում են մետրոներ, ենթակառուցվածքներ այն վայրերում, որտեղ չկա համապատասխան շուկա կամ դրա համար երթևեկություն: Այսպիսով, նրանք կառուցել են «ուրվական քաղաքներ», հարյուրավոր և հազարավոր տներ և մարդիկ չեն բնակվում այնտեղ: Եվ դա ոչ միայն Չինաստանի ներսում է: Օրինակ, Չինաստանը Շրի Լանկայում կառուցել է Համբանգոտա նավահանգիստը և օդանավակայանը, որն աշխարհի ամենաամայի օդանավակայանն է: Մինչդեռ երկրում դեռ ծայրահեղ աղքատություն կա: Հիմա Չինաստանն աշխատելու է բարգավաճման մոդելների վրա ևս երեք տարի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: