ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կինը հայոց բանակում. Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ

Հայ կնոջ ավանդական նուրբ ու հեզ կերպարը պատմական բազմաթիվ դրվագներում ակներև զուգակցվել է նրա մեկ այլ՝ խիզախ և քաջ կերպարի հետ։ 1988-ից Հայաստանը ներգրավվեց ազգային-ազատագրական պատերազմի մեջ՝ պաշտպանելով իր հայրենիքի վտանգված կտորը՝ Արցախը և արցախահայությանը։ Այս ազգային նպատակի շուրջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը։ Հայ կանայք ևս անմասն չմնացին այդ առաքելությանը։

Ներկայումս ՀՀ Զինված ուժերում ներգարվված է ավելի քան 2000 կին զինծառայող։ Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ի՞նչն է կնոջը դրդում ներգրավվելու ռազմական ոլորտում, ի՞նչ առանձնահատկություններ ունի այդ ոլորտում ներգրաված կինը, ի՞նչ խնդիրներ ու խոչընդոտներ են առաջ գալիս կնոջ առջև «տղամարդկային» ոլորտում ինքնադրսևորվելու ժամանակ, ի՞նչպիսին է ռազմիկ կինն ընտանիքում, ռազմական դաշտում և առօրյայում։

Այս հարցերի պատասխանները «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է ստանալ  ՀՀ Զինված ուժերում ծառայող Թամարա Չիլինգարյանի հետ հարցազրույցում:


-Ինչպե՞ս որոշեցիք ծառայել ՀՀ Զինված ուժերում:

-Կարող է զարմանալի թվալ, բայց այդ որոշումը ես չեմ կայացրել: Կարծես ճակատագիրն ինքը կայացրեց այդ որոշումն իմ փոխարեն: Հայրս երկար տարիներ ծառայել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսում` անցնելով թարգմանչից մինչև գլխավոր խմբագիր հետաքրքիր ուղին: Փոքր տարիքից ես նրան տեսել եմ համազգեստով և առանձնահատուկ հարգանք ու գորով եմ տածել համազգեստ կրող անձանց նկատմամբ:  Միշտ թերթում էի հանդեսն ու մտածում, որ  բանակը շատ կարևոր է և անհրաժեշտ: Ուսանող ժամանակ արդեն սկսեցի քիչ-քիչ հետաքրքրվել խմբագրության աշխատանքով, փոքրիկ հատվածներ էի թարգմանում անգլերեն կամ ռուսերեն, բայց մտքովս անգամ չէր էլ անցնում, որ կգա մի օր, ու ես կաշխատեմ այնտեղ: Իսկ արդեն հասուն տարիքում, երբ ընտրությունը դառնում է ավելի գիտակցված և կշռադատված, որոշեցի անցնել ծառայության ՀՀ Զինված ուժերում և իմ մասնակցությունն ունենալ մեր ժողովրդի և պետության հզորացման գործում:

-Ի՞նչ առանձնահատկություններ պենք է ունենա այս ոլորտում ներգրավված կինը:

- Յուրաքանչյուր ժամանակ իր ուրույն պահանջներն է ներկայացնում անձի թե՛ հոգեբանական կերտվածքին, թե՛ այն դիրքին, որը տվյալ անձը զբաղեցնում է հասարակությունում: Մեր օրերում կնոջից, և առավել ևս ԶՈՒ-ում ծառայող կնոջից, պահանջվում է ունենալ դրսևորված կամային հատկանիշներ, լինել համարձակ և ինքնուրույն, և, իհարկե, կարողանալ հեշտությամբ դառնալ համակարգի լիիրավ անդամ: Անշուշտ, կնոջից չի պահանջվում ցուցաբերել տղամարդկային հատկանիշներ, բայց, ըստ իս, կինը, միանշանակ, կարող է և պետք է իր ներդրումն ունենա ազգի հզորացման և պետականության կայացման գործում ոչ միայն որպես ապագա զինվորին կյանք տվող:

-Ի՞նչ խնդիրներ ու խոչընդոտներ եք հաղթահարում «տղամարդկային» ոլորտում ինքնադրսևորվելիս:

-Չնայած որ շատ է խոսվում տարբեր ոլորտներում կանանց նկատմամբ խտրականության մասին, ես նման խտրականության չեմ հանդիպել: Այս հարցում կարևոր է երկկողմանի գիտակցությունը այն բանի, որ և՛ տղամարդիկ, և՛ կանայք կարող են իրենց հավասարաչափ դրսևորել նույնիսկ այնպիսի «տղամարդկային» ոլորտում, ինչպիսին ՀՀ Զինված ուժերն են:  Ի դեմս մեր ղեկավարության՝ ստեղծվել է հետաքրքիր աշխատանքային` և՛ խստապահանջ, և՛ ստեղծագործական մթնոլորտ, որտեղ բոլորին տրվում է հավասար հնարավորություն ցուցաբերել իրենց հմտություններն ու կարողությունները:

-Ինչպիսի՞ն է ծառայող կինն ընտանիքում, ծառայության ժամանակ:

-Ես համարում եմ, որ աշխատանքն, իսկ իմ պարագայում ծառայությունը և ընտանիքը ժամանակակից կնոջ կյանքի բաղկացուցիչ մասն են կազմում, բայց նրանց միախառնումն անընդունելի է: Կինն ընտանիքում պիտի լինի սիրող մայր, տան տիկին, սիրի և սիրվի, իսկ ծառայության ժամանակ դնի այդ բոլոր գաղափարները մի կողմ և հստակ ու ճիշտ կատարի իր առջև դրված խնդիրները:

Օրինակ, մի քանի ամիս էր, ինչ անցել էի ծառայության, երբ հայտարարեցին ուսումնական տագնապ: Կյանքումս առաջին տագնապն էր: Դուստրս փոքր էր: Պառկեցրի քնելու և խոստացա շուտ վերադառնալ, բայց խնդրեցի, որ իմ վերադարձին չսպասի: Արդեն փողոցում աչքս գցեցի մեր պատշգամբին ու տեսա, որ դուստրս, գիշերանոցը հագին, դուրս է եկել պատշգամբ և սպիտակ թաշկինակը թափահարում է`կարծես ճամփա է դնում: Այնքան հուզիչ էր այդ տեսարանը: Ես դեռ երբեք այդքան ուրախ ու բարի հույզերով լցված չէի գնացել ծառայության:

- Ձեր մաղթանքը Հայկական Բանակի կազմավորման  կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ:

-Ես սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ, մաղթում եմ, որ մեր բանակը լինի ուժեղ, հզոր, որ մեր բանակում ծառայող յուրաքանչյուր անձ լցված լինի սիրով դեպի հայրենիքը և հպարտությամբ, որ ծառայում է իր ժողովրդին, իր պետությանը:

«Արմեդիա» ՏՎԳ-ն ևս շնորհավորում է հերոսական մարտերում ծնված, հասակ առած ու զորացած Հայոց բանակի տարեդարձը՝ մաղթելով անխռով ու խաղաղ գոյություն: Շնորհավո՛ր ծնունդդ, Հայո՛ց բանակ, հաղթության ու արիության բանակ, շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր ու խաղաղ ծառայություն քեզ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: