ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրամանով. ադրբեջանցի իրավապաշտպան

Ադրբեջանցի իրավապաշտպան և պատմաբան Արիֆ Յունուսովը, որը ներկայումս քաղաքական էմիգրանտ է և բնակվում է Հոլանդիայում, օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական ինտերնետային  «Օբյեկտիվ» հեռուստատեսությանը, որտեղ պնդում է, որ 1990թ․ Բաքվի հայկական ջարդերն ու Սև հունվարը (խոսքը 1990թ․ հունվարի 19-ից լույս 20-ի գիշերվա իրադարձությունների մասին է, երբ ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերը ցրելու նպատակով Բաքու մտան խորհրդային զորքերը, բախումների արդյունքում սպանվեցին 100-ից ավելի քաղաքացիներ), կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրահանգով և հետագայում նրա իշխանության գալու նպատակով, հայտնում է Hetq.am-ը

«Հունվարի 20-ի իրադարձությունների մասին շատ միֆեր կան, ընդ որում` այդ իրադարձություններն ընկալում են որպես հերոսական պայքարի ու ազգային-ժողովրդավարական շարժման մի փառավոր էջ, որի արդյունքում Ադրբեջանն անկախացավ։ Բայց իրականում 1990 թ․ հունվարյան իրադարձությունները կապված են Հեյդար Ալիևի դերակատարման հետ»,- ասում է Ա․ Յունուսովը։ Եվ բացատրում է, որ 1988թ․ իշխանության գալուց հետո Կոմկուսի առաջին քարտուղար Աբդուրախման Վեզիրովը Մ․ Գորբաչովի համաձայնությամբ Հեյդար Ալիևի դեմ քննություն նախաձեռնեց։ 

Հարցազրույցում Ա․ Յունուսովը հայտարարում է, որ անգամ անձամբ է կարդացել այդ նյութերի մի մասը։ «Որոշումն, իհարկե, բացասական պետք է լիներ Ալիևի համար։ Իսկ 1990թ․ հունվարի վերջին պետք է տեղի ունենար Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի պլենումը, որի ժամանակ Հեյդար Ալիևն ու նրա թիմը պետք է վտարվեին կուսակցությունից և հեռանային երկրի քաղաքական հարթակից։ 

Իհարկե, Ալիևը գիտեր սպասվող բոլոր այս քայլերի մասին և դրանք կանխելու համար Կոմկուսում ու ԱԺՃ-ում իր մարդկանց միջոցով բուռն գործունեություն ծավալեց։ ԱԺՃ-ում նրա մարդիկ էին Էլչբեյն ու Նեմաթ Փանահլին։ Վերջիններիս օգնում էին Ալիևների կլանի ակտիվ անդամները՝ էթիբար Մամեդովը, Ֆազաիլ Աղամալին, Բեջան Ֆարզաիլովը։

Փանահլին 1989թ․ ցուցարարների շրջանում մեծ համբավ ուներ։ Իր մարդկանց հետ հանդիպումներից մեկի ժամանակ Հեյդար Ալիևն ասել է․ «Մեզ մեծ արյուն է պետք, շատ արյուն»։ 

Ժամանակին Ն․Փանահլին հիմարաբար, միամտորեն այս մասին ասել է «Մոնիտոր» ամսագրին տված մի հարցազրույցում։ Հենց նա՝ Նեմաթ Փանահլին, 1989թ․ դեկտեմբերի 31-ին կազմակերպեց Նախիջևանի պետսահմանի քանդումը, չնայած այդ ժամանակ Մոսկվան արդեն թույլ էր տվել սահմանի բացումը:1990թ․ հունվարի սկզբին Փանահլին դարձավ հայկական ջարդերի կազմակերպիչը»։

Հարցազրույցում Արիֆ Յունուսովն ասում է, որ ինքը 1992թ․ հատուկ զբաղվում էր 1990թ․ հայկական ջարդերի հետաքննությամբ, և այդ կապակցությամբ իր մոտ, Ադրբեջանի նախագահի վարչատուն (1992-1993թթ․ Արիֆ Յունուսովը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետն էր – խմբ․) էր հրավիրել ԿԳԲ գնդապետ Օլեգ Ալիևին։ Եվ վերջինս նրան հաղորդել է, որ Փանահլիի նստավայրը մայրաքաղաքում լեյտենանտ Շմիդտի անվան գործարանի տարածքում է տեղակայված եղել։ 

Այն արյունոտ հունվարյան օրերին այնտեղ էին տանում հայերի բնակարաններից հափշտակված արժեքավոր իրերն ու թանկարժեք զարդերը։ Հարցազրույցում Արիֆ Յունուսովը չի պնդում, որ Փանահլին անձամբ մասնակցել է հայերի սպանություններին, բայց որ նա է հենց հայկական ջարդերի կազմակերպիչը, բացարձակ ճշմարտություն է։  

Այս ամենի մասին Մոսկվան տեղյակ էր, բայց չէր կանխում հայկական ջարդերը, և իրադարձություններն օգտագործեց խորհրդային զորքերը Բաքու մտցնելու համար։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: