ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյան. Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը

NEWS.am

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին: Այս մասին ասվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Ուղերձում նախագահը մասնավորապես ասել է.

Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ և հյուրեր,
Սիրելի՛ ազատամարտիկներ,
Իմ սիրելի՛ մարտական ընկերներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի աշխատանքներին: Իմ ողջույններն ու բարեմաղթանքներն եմ հղում նաև մեր բոլոր զինակից ընկերներին, նրանց հարազատներին և մերձավորներին: Ասում եմ՝ «մեր», քանի որ ինձ ձեզնից չեմ առանձնացնում:
Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն: Ուրախ եմ, որ դուք շարունակում եք աչքի լույսի պես պահպանել մարտի դաշտում կոփված եղբայրությունը՝ ինքնակազմակերպվելով և իրար նեցուկ կանգնելով:
Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության և հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները:
Այսօր, դիմելով Արցախի հերոսամարտը կերտած մեր եղբայրներին և քույրերին, պետք է շեշտեմ՝ արցախցին իր տունն է պաշտպանել, և հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից: Իր արդար պայքարում արցախցին միայնակ չմնաց. նրան սատարեցին հայորդիներ Հայոց աշխարհի բոլոր կողմերից՝ նեցուկ կանգնելով Արցախի ժողովրդի դատին: Այդ ճակատագրական ժամանակահատվածում յուրաքանչյուր հայ սրտի թրթիռով ակնկալում էր ոգևորիչ լուրեր Արցախից՝ հավատալով, որ մեր պայքարն արդար է, դիրքերը՝ ամուր:
Փառք մեր ընկած հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծեցին: Մենք ամեն վայրկյան մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք մեր կողքին ապրող հերոսներին, ովքեր աննկուն էին ռազմի դաշտում և այդ նույն աննկունությամբ էլ այսօր կռում են Արցախի խաղաղ ու բարեբեր ապագան:
Կրկին ջերմորեն ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ միությանը մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի և համայն հայության:
Փառք Արցախի ազատամարտիկներին, փառք ձեր խիզախությանն ու սխրանքին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: