ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել. Սերժ Սարգսյան

Հայաստանը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել։ Այդ մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանելով «Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերի հարցին։

Նրա դիտարկմանը, թե դեռ 2013 թվականին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիութայն հետ ասոցացման համաձայնագիրը և նոր գործընկերություն էր ստեղծել, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Գիտեք՝ շատ տարօրինակ է այդպիսի հարցադրումը, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ մենք մշտապես բաց և անկեղծ ենք եղել մեր գործընկերների հետ` հատկապես ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հարցերում: Երբ մենք ԵՄ-ի հետ սկսեցինք մեր բանակցությունները` մեր ռուս գործընկերները, մեր դաշնակիցները դրա մասին տեղյակ էին, և մեր եվրոպացի գործընկերներն էին տեղյակ, որ մենք բանակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միությանը` այն ժամանակվա Մաքսային միությանն անդամակցելու համար: Մենք դա հնարավոր էինք տեսնում: Եվ երբ «և՛,և՛»-ի սկզբունքը փոխարինվեց «կամ՛, կա՛մ»-ի սկզբունքով, մենք չէինք կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր: Այսինքն՝ ոչ թե մենք հրաժարվել ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, այլ Եվրամիությունը չի ցանկացել ստորագրել մեզ հետ համաձայնագիր»:

Սարգսյանը նշել է, թե Հայաստանը նույնիսկ առաջարկել է համաձայնագրի մի մասը՝ քաղաքական մասը, ստորագրել, եթե դա հնարավոր է։ «Բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են՝ ոչ: Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձանագիր, որ մենք էինք առաջարկել: Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները և Ուկրաինայի հնարավորությունները, Հայաստանի դերակատարությունը և Ուկրաինայի դերակատությունը, բայց, այնուհանդերձ, մեզ համար տարօրինակ էր: Այնպես որ` մենք չենք հրաժարվել այդպիսի համաձանագրի ստորագրելուց, և փառք Աստծո, որ դրանից ոչ այնքան շատ հետո Եվրամիությունը որոշում կայացրեց, և այդպիսի որոշումը հաստատվեց Ռիգայի գագաթնաժողովում. այդ որոշումն էր տարբերակված մոտեցումը: Եվ այդ տարբերակված մոտեցման ներքո մեզ հաջողվեց Եվրամիության հետ ստորագրել փաստաթուղթ: Ուզում եմ, որպեսզի այստեղ մեկ անգամ ևս ընդգծենք՝ մենք որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել, մենք որևէ մեկի ճնշման տակ որոշում չենք կայացրել, և ինչպես ես ասացի` մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել` բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք և չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին»,- նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: