ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Բացահայտելով դրուզների հայկական ծագման 2000-ամյա առեղծվածը

«Արմեդիա ՏՎԳ»-ն ներկայացնում Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի դասախոս Էրան Էլհեյկի հեղինակած «Դրուզների առեղծվածի բացահայտումը. 2000-ամյա ոդիսական» հոդվածը՝  որոշակի կրճատումներով: Այն հրապարակվել է AEON էլեկտրոնային ամսագրում: Էլհեյկի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է գենետիկան, մոլոկուլային էվոլյուցիան, կենսաաշխարհագրությունը և այլն:

 

Այն տարածքում, որը մենք այժմ կոչում ենք Մերձավոր Արևելք, մարդիկ տնկեցին բույսեր և վարժեցրին կենդանիներ, կառուցեցին ամենավաղ քաղաքները, ստեղծեցին առաջին այբուբենը և գրեցին առաջին գրականությունը: Այս տարածաշրջանի պատմության հետ կապված առեղծվածներն, իհարկե, շատ են, և բավական շատ շահարկվող հարցերից է դրուզների ծագումը և նրանց կրոնը: Ժամանակակից գենետիկան մեզ հնարավորություն է տալիս հզոր գործիքների միջոցով բացահայտել դրուզների ծագման մանրամասները:

Դրուզների ծագումը հետաքրքրել է պատմաբաններին, լեզվաբաններին և գենաբաններին: Գրեթե մեկ հազարամյակի ընթացքում ճանապարհորդները փորձում էին պարզել այս տոկուն մարդկանց ծագումը, և թե ինչպես են նրանք հայտնվել Իսրայելի, Սիրիայի և Լիբանանի լեռներում: 1165 թ.-ին հրեա ճանապարհորդ Բենջամին Թուդելան առաջին եվրոպացի գրողներից էր, որ նրանց կոչեց իրենց անունով՝ դրուզներ: Այդ ժամանակ նրանք հայտնի էին որպես լեռնային բնակիչներ, և Բենջամինը նրանց անվանում էր անվախ ռազմիկներ, ովքեր հանդես էին գալիս հրեաների կողմից: Բայց նա չէր կարողանում բացատրել վերջիններիս ծագումը: Տարիներ շարունակ մարդիկ ենթադրել են, որ դրուզներն ունեն արաբական, պարսկական կամ արևելյան ծագում:

11-րդ դարի խաչակրաց արշավանքներից սկսած դրուզները տարածաշրջանում առանձնահատուկ դերակատարում ստացան: 11-րդ դարում դրուզը «հավատը փակեց» նոր հավատացյալների դիմաց: Որևէ մեկն այլևս չեր կարող դառնալ դրուզ:

Դրուզների մեծ մասին կարելի է գտնել Թուրքիայի, Հյուսիսային Իրաքի և հարավային Հայաստանի լեռներում, Արարատ լեռան հարևանությամբ գտնվող Զագոր լեռան շրջանում: Ի տարբերություն պաղեստինցիների, բեդուինների և սիրիացիների, որոնց 36-70%-ը սերում են հինավուրց լևանտիններից (խմբ. Լևանտ - Միջերկրական ծովից արևելք ընկած երկրներն ընդգրկող տարածքի ընդհանրական անվանում), իսրայելցի դրուզներն, ըստ ԴՆԹ փորձաքննության արդյունքների, ունեն միայն 15% լևանտական ծագում և զգալիորեն ավելի բարձր (80%) հին հայկական ծագում:

Դրուզները վաղուց ի վեր նախընտրում են ապրել բարձր լեռնային շրջաններում, ինչն օգնել է պահպանել սեփական սոցիալական կառուցվածքը, ինչպես նաև ապահովել պաշտպանությունը: Բայց ինչո՞ւ նրանք հաստատվեցին Մերձավոր Արևելքում: Կարող է արդյո՞ք նրանց ԴՆԹ-ն օգնել մեզ պատասխանել այդ հարցին:

Բարեբախտաբար, քանի որ դրուզները շարունակում են պահպանել իրենց ձևավորված սոցիալական կառուցվածքը, յուրաքանչյուր խումբ պահպանել է պատմության տարբեր ասպեկտներ: Գենետիկական ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ դրուզների ԴՆԹ-ի վերջին հիմնական խառնուրդը եղել է տեղացի լևանտինների հետ (սիրիացիներ) 9-րդ դարի սկզբից մինչ 12-րդ դարի սկիզբը: Այդ ժամկետը համընկնում է 11-րդ դարում խաչակիրների դեմ պայքար մղելու նպատակով դեպի Լևանտ սելջուկ թուրքերի կայսրության ընդլայնման շրջանի հետ:  

Դրուզների Մերձավորարևելյան նախնիները հայտնվել են մի տարածաշրջանում, որտեղ աճում ու զարգանում էին կենցաղն ու գյուղատնտեսությունը: Զարմանալի չէ, որ դա նաև Մետաքսի ճանապարհի խոշոր խաչմերուկ էր, ինչպես նաև դեպի Կոստանդնուպոլիս ու Անտիոք տանող առևտրային երթուղի: Հավանաբար այստեղ են դրուզները հանդիպել Աշքենազյան հրեաներին, ովքեր տարածաշրջանային առևտրի մեջ առանցքային դեր էին խաղում: Դրուզի և աշքենազյան հրեայի միջև գենետիկական նմանությունը շատ բարձր է, չնայած նրանք սերել են տարբեր հինավուրց ժողովուրդներից (հայերից և անատոլիացիներից):

Երբ դարեր անց Պաղեստինում դրուզները նորից հարևան դարձան Աշքենազյան հրեաներին, նրանցից ոչ մեկը չէր հիշում իր մերձավորարևելյան ծագումը, սակայն երկու ժողովուրդներն էլ հարուստ ժառանգություն էին ստեղծել՝ հիմնվելով նախորդ հազարամյակի իրենց փորձի վրա: Այնուամենայնիվ, քանի որ երկու հանրություններն էլ մեծապես նպաստել են ամուսնություններին համայնքի ներսում, նրանց հաջողվել է պահպանել իրենց մերձավորարևելյան մասունքները իրենց ԴՆԹ-ի «թանգարանում», ինչը թույլ է տալիս մեզ բացահայտել նրանց ծագման 2000-ամյա առեղծվածը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 22.53 կմ/ժ
20 C°
 
20°  32° 
26.06.2018
20°  34° 
27.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: