ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանը կանգնած է Հայաստանի կողքին. Լիբանանի նախագահ

Լիբանանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Լիբանանի և Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:
Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո.

«Դրական և կառուցողական բանակցություններ վարեցինք նորին գերազանցություն Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Անդրադարձանք վերջին տարիների երկկողմ հարաբերությունների ընթացքին, արձանագրված շոշափելի առաջընթացին, ինչպես նաև ցայսօր դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացված հիմնական աշխատանքներին: Մեր հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, ինչն արտացոլում է մեզ միավորող մարդկային ամուր կապերը, հայ և լիբանանցի ժողովուրդների առանձնահատուկ հարաբերություններն ու հատկապես հայկական արմատներով մեծաթիվ լիբանանցիների առկայությունը: Այդ ներկայացուցիչներից շատերն այսօր ուղեկցում են ինձ՝ Լիբանանի կառավարության նախարարներ և պատգամավորներ: 
Նախագահ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեցի այն իրողության վրա, թե մեր հասարակությունում ինչպիսի գնահատանք է վայելում այդ հատվածը՝ իր կենսունակությամբ, մշակույթով, քաղաքակրթությամբ, սոցիալապես և իրենց ազդեցիկ մասնակցությամբ քաղաքական, տնտեսական կյանքում:
Քննարկեցինք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը և բռնկված պատերազմները, հատկապես՝ մեր հարևան Սիրիայում: Մենք համաձայնեցինք այդ ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու և պատերազմական մեքենան դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, քանի որ բռնությունը միայն բռնություն ու ծայրահեղականություն է ծնում, ինչի ապացույցն է մեր տարածաշրջանում սկիզբ առած վերջին յոթ տարիների շարունակվող խռովությունները: Նախագահ Սարգսյանին ներկայացրեցի սիրիական պատերազմի հետևանքով Լիբանանի դիմագրաված մարտահրավերները, մասնավորապես՝ ահաբեկչական կազմակերպությունների ու նրանց բջիջների սպառնալիքների ներթափանցումը ինչպես մեր երկիր, այնպես էլ տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ: Այստեղ նրան վստահեցրի, որ Լիբանանը հաջողությամբ դիմակայել է այդ սպառնալիքները և ոչնչացրել ահաբեկչական բջիջները՝ խաղաղություն և կայունություն հաստատելով մեր հանրության մեջ: Մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ կարևոր է, խարխսվելով առաջադիմության մշակույթի, անձանց և պետությունների իրավունքների հարգանքի վրա, ամրապնդել երկկողմ ու միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ որևէ երկիր չի կարող զերծ մնալ դրա վտանգներից: 
Մենք խոսեցինք նաև սիրիացի ներգաղթյալների խնդրի մասին, որն առավել բարդացել է Սիրիայի հարևան երկրներում, հատկապես՝ Լիբանանում: Նախագահին ներկայացրի, որ մեր երկիրը տնտեսական, սոցիալական, անվտանգության ճնշումների է ենթարկվում՝ արդյունքում ունենալով իր տարածքում ավելի քան մեկ ու կես միլիոն ներգաղթյալ՝ նրանց կարիքները հոգալու համար միջազգային օգնության բավարար չլինելու հետ միասին: Այս կապակցությամբ շեշտեցինք, որ անհրաժեշտ է աշխատանք տանել հասնելու միջազգային փոխհամաձայնության, որը կապահովվի սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկրի անվտանգ տարածքներ և որը կլինի սիրիական պետության վերահսկողության ներքո: 
Ես երախտագիտությունս հայտնեցի նախագահ Սարգսյանին միջազգային ատյաններում Լիբանանի և նրա խնդիրների կողքին գտնվելու համար, ապա վստահեցրի, որ Լիբանանն իր հերթին կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա ժողովրդի, ինքնիշխանության, խաղաղության և բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում: 
Նշեմ, որ բանակցությունների ընթացքում անդրադարձանք Լիբանանին ուղղված իսրայելական սպառնալիքներին, որոնք առնչվում են բացառիկ տնտեսական գոտու նավթային մեր իրավունքներին, բաժանարար պատի կառուցմանը, որը հասնում է հարավային մեր սահմանին մոտ գտնվող վիճելի կետերին: Հաստատեցի, որ Լիբանանը պաշտպանել է իր ցամաքային ու ծովային սահմաններն օրինական բոլոր միջոցներով, և այդ գործում մենք ապավինում ենք միջազգային ընտանիքի մեր բարեկամներին՝ նրանցից ակնկալելով աջակցություն այդ սպառնալիքները դիմակայելու և իրավիճակը չսրելու խնդրում:
Ես նաև իմ երախտագիտությունը հայտնեցի նախագահին առաջիկա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու՝ ինձ ուղղված հրավերի համար և խոստացա արձագանքել դրան՝ մաղթելով գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին ամենայն հաջողություն: 

Շնորհակալություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: