ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան - Լիբանան. կողմերը մտադիր չեն սահմանափակվել համագործակցության ներկայիս մակարդակով

Crossed Flag Pins

Հայ-լիբանանյան երկարամյա և կայուն համագործակցության, ինչպես նաև դրա հետագա զարգացման ապացույց է հանդիսանում օրերս Հայաստան կատարած Լիբանանի 84-ամյա նախագահ Միշել Աունի այցը: Նշենք, որ Լիբանանի նախագահի այցի օրակարգը բավական հագեցած էր:

Լիբանանի նախագահն իր այցի ընթացքում եղավ Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սա բնավ պատահական չէ, քանի որ, ինչպես հայտնի է, Լիբանանը այն փոքրաթիվ արաբական պետություններից մեկն է, որ մինչ օրս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Արաբական երկրների նման դիրքորոշման գլխավոր դրդապատճառ, թերևս, հանդիսանում է կրոնական գործոնը և Թուրքիայի հետ վերջիններիս հարաբերությունները: Նշենք, որ Լիբանանը ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև հայ ժողովրդի համար այդ ծանրագույն պահին սրտաբաց ընդունել է բազմաթիվ հայերի՝ ընձեռելով ապրելու և արարելու հնարավորություն։

Իր կարճատև այցի ընթացքում Լիբանանի նախագահը հասցրեց մի շարք հանդիպումներ ունենալ ՀՀ պաշտոնյաների, մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և այլոց հետ: Բացի այդ, Միշել Աունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Բնականաբար, հանդիպում կայացավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանրապետության նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը և Միշել Աունը նախ առանձնազրույց անցկացրին, որից հետո տեղի ունեցան ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ: Ավելի ուշ զանգվածային լրատվամիջոցների առջև հանդիպումն ամփոփելու ընթացքում նախագահները ներկայացրին այն հիմնական կետերը, որոնց անդրադարձել էին առանձնազրույցի ընթացքում:  

Ի թիվս մի շարք այլ հարցերի, նախագահներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման կարևորությունը: Սա, բնականաբար, կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ապրիլից անցում է կատարում կառավարաման նոր՝ խորհրդարանական համակարգի, անհրաժեշտ է հնարավորինս արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության գործիքների ընձեռած հնարավորությունները:

Կողմերը բարձր են գնահատել նաև միջազգային կառույցներում մեր երկրների արդյունավետ փոխգործակցությունը և փոխադարձ աջակցությունը: Նշենք, որ այս հարցը, բնականաբար, շատ ավելի կենսական նշանակություն է ձեռք բերում, երբ խոսքը վերաբերում է այն միջազգային կառույցներում միմյանց շահերը պաշտպանելուն, որոնցում երկրներից որևէ մեկը ներկայացված չէ:

Սերժ Սարգսյանը Լիբանանի նախագահին ներկայացրել է նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Կողմերը համակարծիք են եղել, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի իր պատմական տարածքում ազատ ապրելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի իրավունքը:

Լիբանանի և Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում խոսվել է նաև արաբական այդ երկրում ապրող մեծ թվով հայերի մասին: Նշենք, որ Լիբանանի հայերը մշտապես էական դերակատարում են ունեցել երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կայքում՝ միևնույն ժամանկ պահպանելով իրենց մշակույթն ու ազգային ինքնությունը: Այդ մասին վկայում է թեկուզ միայն այն փաստը, որ Լիբանանն ունեցել է ծագումով հայ երեք նախագահ: Լիբանանի կառավարությունում այսօր կա երկու հայ նախարար: Պատահական չէ, որ Լիբանանի նախագահ Միշել Աունին իր հայաստանյան այցի ընթացքում ուղեկցող պատվիրակության ներկայացուցիչներից շատերը՝ Լիբանանի կառավարության նախարարներ և պատգամավորներ, ևս ծագումով հայեր էին:

Նշենք, որ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կողմերը մեծապես կարևորել են տնտեսական բաղադրիչը, առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, քանի որ երկու երկրների միջև առկա է գրեթե ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտ։ 

Հայաստանի և Լիբանանի միջև մինչ օրս կնքվել է շուրջ հինգ տասնյակ փաստաթուղթ, ակտիվ համագործակցություն է իրականացվում քաղաքական, մշակութային ոլորտներում, քայլեր են իրականցվում նաև տնտեսական ոլորտում, սակայն Լիբանանի նախագահի այցը հերթական անգամ փաստեց, որ կողմերը մտադիր չեն սահմանափակվել համագործակցության ներկայիս մակարդակով, և երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու միտում է նկատվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: