ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երուսաղեմի Հարության տաճարը շարունակում է փակ մնալ. ինչի՞ դեմ են բողոքում քրիստոնեական եկեղեցիները

Reuters

Թեև Իսրայելի Կնեսեթի հանձնաժողովում եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի քննարկումը մեկ շաբաթով հետաձգվել է, սակայն Հարության տաճարի դռները շարունակում են փակ մնալ: Ի նշան Իսրայելի հարկային օրենսդրության փոփոխության և եկեղեցապատկան կալվածքների մասին  նոր օրենքի քննարկման՝ փետրվարի 25-ին Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ III-ը, Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Սուրբ հողի պահապան Ֆրանչեսկո Պաթոնը հայտարարել են քրիստոնեական գլխավոր սրբավայրի՝ Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը փակելու մասին:

«Այդ նողկալի օրինագիծը…. եթե ընդունվի, թույլ կտա բռնագրավել եկեղեցական հողերը: Այն մեզ հիշեցնում է բոլոր նման օրենքները, որոնք Եվրոպայի մթության դարաշրջանում ընդունվել են հրեաների դեմ», - ասվում է եկեղեցական առաջնորդների համատեղ հայտարարությունում:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Արմենպրեսի» հետ զրույցում պարզաբանել է, որ նոր օրինագծով երբ եկեղեցական կալվածքները վարձակալության նպատակով տրվեն անհատ ձեռներեցների, ապա պետությունն իրավունք ունի դրանք բռնագրավելու, եթե այդ վարձակալության գործընթացը տեղի չի ունենում պետության հավանությամբ: «Սա մեզ համար անընդունելի է», - նշել է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների մոտ դժգոհություն է առաջացրել նաև այն հանգամանքը, որ քաղաքապետարանը պատրաստվում է հարկեր գանձել եկեղեցիներից: «Եկեղեցապատկան շահութաբեր կալվածքներն արդեն հարկեր վճարում են, սակայն այս անգամ որոշումն ուղղակի եկեղեցիների ու վանքերի վրա է տարածվում», - պարզաբանում է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ Սուրբ երկրում եկեղեցիները դարեր շարունակ ազատված են եղել հարկերից:

Քաղաքապետարանը դեռևս չի արձագանքել քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների բողոքին, իսկ ինչ վերաբերում է եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծին, ապա վերջինիս կողմնակիցները նշում են, որ եկեղեցիների մտավախություններն անհիմն են: Նրանց պնդմամբ օրինագծի հիմնական նպատակն է պաշտպանել այն իսրայելցիներին, ովքեր ապրում են այլ կազմակերպությունների վաճառված նախկին եկեղեցական հողերի վրա: «Իմ օրինագիծը վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունենալու, երբ հողի իրավունքը վերավաճառվի երրորդ կողմին», - այս կապակցությամբ նշել է օրինագծի համահեղինակ, պատգամավոր Ռեյչալ Ազարիյան՝ ընդգծելով, որ նոր օրենքը կվերաբերվի միայն 2010 թվականից հետո վերավաճառված հողերին:

Եվ չնայած այս պնդումներին, ակնհայտ է, որ նման օրինագծի ընդունումը կարող է խախտել Երուսաղեմում արդեն դարեր շարունակ գործող ստատուս-քվոն: Թերևս այդ է պատճառը, որ 1900 թվականից ի վեր առաջին անգամ հոգևոր առաջնորդները որոշել են քաղաքական նկատառումներով փակել Հարության տաճարի դռները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: