ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Մեր պատվիրակությունը հստակեցրեց, որ հակամարտությունների նկատմամբ միանման մոտեցում հնարավոր չէ որդեգրել. Հերմինե Նաղդալյան (բացառիկ)

Վիեննայում փետրվարի 23-ին ավարտվեցին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները։ Նստաշրջանի վերջին օրվա քննարկումների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ:


 

-  Տիկի´ն Նաղդալյան, ԵԱՀԿ ԽՎ-ն ավարտեց իր ձմեռային նստաշրջանը: Ի՞նչ թեմաների շուրջ ընթացան վերջին օրվա քննարկումները:

-  ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը շարունակվեցին աշխատանքներն ընդհանուր կոմիտեներում, ինչպես նաև գումարվեց քաղաքական հարցերի և անվտանգության կոմիտեի նիստ: Քննարկումների հիմնական շեշտադրումները վերաբերում էին անվտանգությանը, ԵԱՀԿ տարածաշրջանում տեղի ունեցող այն իրողություններին, որոնք խաթարում են անվտանգային գործընթացները: Անվտանգային հարցերի վերաբերյալ ելույթով հանդես եմ եկել նաև ես: Ելույթովս ևս մեկ անգամ հիշեցրեցի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման խնդրի մասին, որը կատարվել էր Հայաստանի կամքին հակառակ և դրանով իսկ դժվարացրել և սահմանափակել է ԵԱՀԿ հետ համագործակցության հնարավորությունները: Անդրադարձա նաև այն հարցին, թե ինչպես ենք տեսնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ մասնակցությունը՝ շեշտելով, որ մեզ համար անընդունելի է, որ ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները մասնակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս կամ այն հարցերին՝ առանց ուղղակիորեն շփվելով Արցախի ներկայացուցիչների հետ՝ թե´ Արցախի ընտրված իշխանությունների, թե´ բնակչության հետ: Նաև նշեցի, որ, մեր համոզմամբ, հենց ուղղակիորեն մարդկանց հետ աշխատելով նրանք կկարողանան ինչ-որ օգտակար ներդրում ունենալ խնդրի կարգավորման գործում: Այս համատեքստում կարևորեցի այն հանգամանքը, որ հարցի վերաբերյալ հակառակ մոտեցումը մեզ համար անհասկանալի է, որովհետև խորհրդարանական բաղադրիչի հիմնական ելակետը պետք է լինի հրադադարի վերաբերյալ բիշքեկյան համաձայնագիրը, որը ստորագրվել է 1994թ-ին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից: Այսինքն՝ դեռ այն ժամանակ արդեն Ադրբեջանն ընդունել և ճանաչել է Արցախի խորհրդարանը որպես այս գործընթացների լիազոր և իրավազոր մասնակից: Մնացածը, ինչպես ռուսները կասեին, ճաշից հետո մանանեխ:

Խոսեցի նաև այն մասին, որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձևաչափը, որը միակ իրավազոր ձևաչափն է և ընդունված է միջազգային հանրության կողմից: Ինչ վերաբերում է Թուրիքիայի՝ Մինսկի խմբի համանախագահ լինելուն, ապա շեշտեցի, որ դա անհնար է, քանզի Անկարան ունի կողմնակալ մոտեցում հակամարտության կողմներից մեկի՝ Ադրբեջանի շահերի առանձնահատուկ պաշտպանության իմաստով: Այսինքն՝ որևէ կերպ չի կարող մասնակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին որպես միջնորդ: Ավելի ուշ Թուրքիայի պատվիրակի ելույթը ևս մեկ անգամ հաստատեց նրանց կողմանկալ լինելը: Թուրքիայի պատվիրակը հայտարարեց, որ իրենք պաշտպանել և շարունակելու են պաշտպանել Ադրբեջանին:

Ելույթիս մեջ անդրադարձա նաև վստահության միջոցների կառուցման գործընթացին՝ նշելով, որ, հասարակական կազմակերպությունների, լրագրողների և այլ ոլորտի ներկայացուցիչների միջև շփումներն, իհարկե, կարևոր են, սակայն Ադրբեջանի հետ այս ամենն իրականացնելն իրատեսական չէ, որովհետև բոլորը գիտեն, թե Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և մամուլի ազատության հետ կապված ինչպիսի իրավիճակ է տիրում:

- Ինչպե՞ս կգնահատեք պատվիրակության աշխատանքները նստաշրջանի երկրորդ օրը:

- ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի վերջին օրը ևս մեր պատվիրակությունը բավականին ակտիվ էր: Ունեցել ենք 7 ելույթ: Ռազմական վերահսկողության, զինաթափման և զենքի չտարածման վերաբերյալ քննարկման ժամանակ շատ կարևոր ելույթով հանդես եկավ Կարեն Բեքարյանը: Նա շեշտեց, որ եթե մի երկրում չկա ժողովրդավարություն, չկան ժողովրդավարական ինստիտուտներ, ապա նման պարագայում հնարավոր չէ խոսել ժողովրդական վերահսկողության մասին: Իր ելույթում նա նաև անդրադարձավ Ադրբեջանի պատվիրակների կողմից առաջ տարվող այն թեզին, թե բոլոր հակամարտությունների վերաբերյալ պետք է մշակվի միանման մոտեցում: Պարոն Բեքարյանն իր ելույթում ևս մեկ անգամ ջախջախեց այդ մոտեցումը՝ հիմնավորելով, որ հակամարտություններն ունեն տարբեր իրավական և քաղաքական բնույթ և բոլորի նկատմամբ միանման մոտեցում գոյություն չի կարող ունենալ: Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ բոլոր հակամարտությունների համար կիրառելի են Հելսինկյան սկզբունքները՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Եվս մեկ անգամ շեշտադրում արվեց արդեն գոյություն ունեցող ձևաչափերի նկատմամբ հարգանք և աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ՝ կարևորելով չվնասելու սկզբունքը:

Կարեն Բեքարյանը ելույթ ունեցավ նաև միգրացիոն հարցերին վերաբերող քննարկմանը: Նա ներկայացրեց Հայաստանի մասնակցությունը փախստականների ընդունման գործընթացում, ևս մեկ անգամ շեշտելով, որ մենք բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունն ենք Եվրոպայում, որ միայն մեր հյուպատոսությունն է, որ մինչ այժմ Հալեպում աշխատում է: Պարոն Բեքարյանի կողմից արվեց մի շատ կարևոր առաջարկ, որը զեկուցողների կողմից բավականին ոգևորությամբ ընդունվեց: Նա առաջարկեց մտցնել մեխանիզմ միգրացիոն խնդիրների վաղաժամ կանխատեսման համար՝ այդ գործընթացում ներգրավելով ակադեմիական հանրույթին և քաղհասարակությանը:

Քննարկվեց նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Մեր պատվիրակներից Արարատ Միրզոյանը նշեց, որ ահաբեկչության դեմ պայքարը չպետք է օգտագործվի որպես պատրվակ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու համար՝ անդրադառնալով Աֆրինում Թուրքիայի քրդերի դեմ իրականացվող գործողություններին:

Տիգրան Ուրիխանյանն իր հերթին անդրադարձավ վիրտուալ տիրույթում ահաբեկչության քարոզչության նպատակով օգտագործվող գործիքներին՝ հիշեցնելով, որ Հայաստանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ներկայացնելով բանաձևի նախագիծ վերաբերող կիբերանվտանգությանը, այդ թվում՝  դրա ահաբեկչական դրսևորումներին:

Վերջում ավելացնեմ, որ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմն ամբողջովին նոր է, և սա երրորդ նստաշրջանն է, որ միասին ենք աշխատում: Մեր առջև շատ լուրջ խնդիրներ ենք դրել և աշխատանքներ ենք իրականացնում՝ դրանք ի կատար ածելու ուղղությամբ: Ակտիվ շփումներ ենք հաստատում բոլոր երկրների պատվիրակների հետ: Փորձում ենք նրանց հետ համագործակցելով՝ հնարավորինս բազմակողմանի ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները մեզ համար կարևոր հարցերի վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 11.27 կմ/ժ
26 C°
 
18°  30° 
24.06.2018
19°  31° 
25.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: