ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցմահ դատապարտվածը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին՝ խնդրելով ներում շնորհել իրեն

Երեք զինծառայողների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և 22 տարի ազատազրկման վայրում անցկացրած Աշոտ Մանուկյանը հանդես է եկել բաց նամակով, որտեղ երկրի նախագահին խնդրում է ներում շնորհել իրեն:

Ինչպես փոխանցում է NEWS.am-ը՝ նամակում մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո´ պարոն Սարգսյան,

2018 թվականի մարտի 5-ին ՀՀ քաղաքացիներ Սիրվարդ և Գրավիկ Վարդանյանները գրավոր հայտարարություն են տվել իմ փաստաբան Նարեկ Ալոյանին այն մասին, որ ներում են ինձ՝ իրենց որդիներ՝ Սերգեյ և Սամվել Վարդանյանների դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանիս և չեն առարկում, որ ես Ձեր ներումով ազատվեմ պատժի հետագա կրումից:

Երկու օր անց՝ 2018 թվականի մարտի 7-ին, ՀՀ քաղաքացի Օսիպյան Ռայան ևս գրավոր հայտարարություն է տվել իմ փաստաբանին այն մասին, որ ներում է ինձ՝ իր որդի Վլադիկ Օսիպյանի դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանիս և չի առարկում, որ ես Ձեր ներումով ազատվեմ պատժի հետագա կրումից:

Իմ խորին համոզմամբ, տեղի է ունեցել բացառիկ իրադարձություն: Իրենց որդիների սպանությունից 22 տարի անց որդեկորույս մայրերի ներումը մեծահոգության և վեհության դրսևորում է: Նման պայմաններում առաջ է քաշվում հարցադրում. «Եթե ներում են սպանվածների ծնողները, ինչո՞ւ 22 տարի անց չների նաև նախագահը»:

Իմ կողմից կատարված հանցանքը չունի որևէ արդարացում, ես երբեք չեմ կարող ամբողջությամբ քավել իմ մեղքը ո´չ սպանվածների ծնողների, ո´չ պետության, ո´չ էլ Ձեր առջև: Ես միայն կարող եմ իմ աշխատանքով և հանրօգուտ գործունեությամբ փոքր-ինչ մեղմել իմ հանցանքով սպանվածների ընտանիքներին և պետության պատճառված վնասը:

Պատժի կրման իմ 22 տարիները միտված են եղել դրան: Պատժի կրման ընթացքում փորձել եմ դրսևորել օրինակելի վարքագիծ, երբևէ չեմ վիճաբանել պատիժ կրող այլ անձանց կամ քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ, իմ զղջման մասին գիրք եմ գրել, ընդունվել եմ համալսարան և այժմ էլ խնդրում եմ Ձեզանից հնարավորություն՝ ներում շնորհել ինձ և հնարավորություն ընձեռել իմ հետագա կյանքը նվիրելու սպանվածների ընտանիքների և պետության առջև իմ մեղքը քավելուն:

Հարգանքով՝

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյան

Նշենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ 1996թ. փետրվարի 23-ին Տուֆաշեն գյուղի մոտ տեղակայված զորամասի «Պեմզաշեն» տեղամասի հենակետում հայտնաբերվել են շարքայիններ Վլադիկ Օսիպյանի, եղբայրներ Սամվել ու Սերգեյ Վարդանյանների դիակները՝ դեպքից մեկ օր հետո: Երեք զինծառայողներին սպանելու մեղադրանքը դատարանում Աշոտ Մանուկյանն ընդունել է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: