ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Նալբանդյան

mfa.am

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հռոմում մարտի 15-ին ելույթ է ունեցել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Միավորված ազգերի կազմակերպության մեծարգո Գլխավոր քարտուղար,
Իտալիայի մեծարգո վարչապետ,
Լիբանանի մեծարգո վարչապետ,
Տիկնայք և պարոնայք,

Լիբանանը Մերձավոր Արևելքի բազմամշակութային, բազմազգ և բազմակրոն կառուցվածքի մարմնավորումն է` մեկ պետության սահմանների ներքո արտացոլելով գրեթե ողջ տարածաշրջանը: Դա մարտահրավեր է, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում կարող է արձագանք գտնել այս երկրում, միևնույն ժամանակ դա հնարավորություն է, որն ընձեռնում են բազմազանության առավելությունները:

Այդ նույն պատճառներից ելնելով իրավիճակը Լիբանանում կարող է թե՛ բորբոքել տարածաշրջանային վերքերը, և թե՛ ներկայիս փոթորկահույզ ժամանակներում հանդես գալ, որպես խաղաղության կղզի և այլ երկրների համար համակեցության օրինակ հանդիսանալ: Այս ամենը մեծացնում է Լիբանանի նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից, և վերահաստատում միջազգային ներգրավվածության հրամայականը՝ աջակցելու այդ երկրին մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ այս առումով ներկա համաժողովը կկարողանա իր ուրույն նպաստը բերել, և դրան կհետևեն նաև համապատասխան գործնական քայլեր:

Հայաստանի համար Լիբանանի կարևորությունը պայմանավորված չէ միայն այս երկրի տարածաշրջանային նշանակությամբ: Դարեր շարունակ հայ ժողովուրդը Մերձավոր Արևելքի և լիբանանյան խճանկարի ինքնատիպ մաս է կազմել: Այսօր այս երկիրը հյուրընկալում է տարածաշրջանի ամենամեծ հայկական համայնքը, որը մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկն է հանդիսանում: Ավանդաբար հայերն ակտիվորեն ներգրավված են Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ: Այսօր նրանք ներկայացված են և՛ կառավարությունում, և՛ խորհրդարանում: Հայերը կիսել են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը, և պատրաստակամ են այսուհետ ևս իրենց ներդրումը բերել պետության ապահով ու անվտանգ ապագային: Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Լիբանանի ժողովրդի կողքին:

Հայաստանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին: Այն ևս մեկ անգամ վերահաստատվել է փետրվարին Լիբանանի նախագահի՝ Երևան կատարած պաշտնական այցի, ինչպես նաև երեք օր առաջ ՀՀ վարչապետի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Տիկնայք և պարոնայք,

2014թ. նոյեմբերից 32 խաղաղապահներից բաղկացած հայկական դասակը՝ իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) կազմում: Հայաստանը պատասխանատվության բարձր զգացումով է ներգրավվել այս առաքելությանը՝ ձգտելով իր նպաստը բերել ՅՈՒՆԻՖԻԼ-ի արդյունավետ գործունեությանը` ուղղված բարեկամ Լիբանանում խաղաղության ապահովմանը:

ՅՈւՆԻՖԻԼ-ը միակ խաղաղապահ գործողությունը չէ, որին միացել է Հայաստանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով օգնականն այս առումով նշել է, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Իրապես, պատմությունը մեզ սովորեցնում է, որ անվտանգությունը համատեղ ջանքեր է պահանջում:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաև նոր գաղափարների հիման վրա:

Տարածաշրջանում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ։ Այդ երկրի ազգային-կրոնական բազմերանգությունը և պատմամշակութային ժառանգությունը առանձնակի արժեք են ներկայացնում։ Համամարդկային արժեքները հատուկ պաշտպանություն կարիք ունեն:

Շնորհակալություն», - ասել է Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: