ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վատիկանում Նարեկացու արձանի բացումը մեր հավատքի և պատմության հոգևոր արժևորումն է. Նաիրա Կարապետյան (բացառիկ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղար, Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ՝ Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման հետ կապված:

 

- Տիկի´ն Կարապետյան, երեկ՝ ապրիլի 5-ին, Վատիկանում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը: Ինչպե՞ս կգնահատեք դրա կարևորությունը:

- Վատիկանի այգիներում Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանի բացումը և նրա օծման արարողությունը Հռոմի պապի կողմից մեզ համար խիստ կարևոր է: Սա մեր հավատքի և պատմության հոգևոր արժևորումն է, որի սկիզբը դրվեց 2015 թվականի ապրիլի 12-ին, երբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող հատուկ պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս Պապն առաքելական հռչակագրով նրան շնորհեց Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոսը: Մեկ տարի անց՝ 2016 թվականի հունիսին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի պապին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Եվ ահա արդեն Նարեկացու արձանը զարդարելու է Վատիկանի այգիները: Սա Հայաստանի հոգևոր և կրոնական բացառիկ նշանակության խոսուն և յուրահատուկ մի արտահայտում է: Երբ Վատիկանում հնչեցվում է Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների աղոթքը, երբ Հռոմի պապը գլուխ է խոնարհում Նարեկացու արձանի առաջ, ակամայից փշաքաղվելու աստիճան հպարտություն ես ապրում: Այս ամենի հիմքում, բնականաբար, ընկած է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հետևողական և նվիրական, մեզ համար անգնահատելի նշանակություն ունեցող աշխատանքը:

- Վերջին տարիներին Վատիկանի հետ հարաբերությունները բավականին ակտիվ զարգացում են ապրում: Ո՞րն է այդ հարաբերությունների առանձնահատկությունն ու նշանակությունը մեզ համար:

- Լիովին համաձայն եմ, որ վերջին տարիներին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունները կարծես նոր մակարդակի են բարձրացել, և սա վերաբերում է ինչպես հոգևոր, այնպես էլ քաղաքական հարաբերություններին: Միգուցե կրկնվեմ, բայց սա իրոք դեսպան Մինասյանի ջանքերի արդյունքն է: Հարաբերությունների առանձնահատկությունները և նշանակությունը հսկայական են` ողջ կաթոլիկ աշխարհին է ներկայացվում մեր երկիրը, ներկայացվում է այնպիսին, ինչպիսին կա. հազարամյակների խորքից եկած քրիստոնյա արժեքների կրող, հարուստ մշակութային ժառանգությամբ և խաղաղության մեծ ջատագով: Եվ ամենակարևորը` մեր երկիրն այսպես է ընկալվում և ներկայացվում կաթոլիկ աշխարհի բարձրագույն առաջնորդի` Սրբազան Քահանայապետի կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: