ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին (լուսանկարներ)

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին և կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին: 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած այն աշխատանքների համար, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության շահերից: «Ուզում եմ ձևակերպել այն խնդիրը, որը ես դնում եմ ՀՀ ոստիկանության առաջ. առաջինն, իհարկե, իրավակարգի և օրինականության ամբողջական և անվերապահ պահպանումն է, երկրորդը՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը: Այս խնդիրների մեջ ես ուզում եմ առանձնացնել մի քանի ենթախնդիրներ. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում քրեածին ակտիվությունը պետք է հասնի աննախադեպ ցածր մակարդակի, հաջորդը՝ մենք բոլորս պետք է դուրս գանք քաղաքացիներին անընդհատ և հնարավոր բոլոր առիթներով տուգանելու գործելակերպից, որովհետև նման գործելակերպով մենք, իմ կարծիքով, խաթարում ենք մթնոլորտն երկրում: Պարոն Օսիպյան, անհրաժեշտ է շատ արագ հասկանալ, թե ինչ որոշումներ պետք է կայացնենք, որպեսզի այս խնդիրը հնարավոր լինի երաշխավորել նաև դե յուրե», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պատժելու քաղաքականությունը պետք է փոխարինել կանխարգելելու արդյունավետ քաղաքականության, որը չպետք է ընկալվի որպես չնկատելու քաղաքականություն:

Վարչապետն ավելացրել է, որ ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի հետ պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի քաղաքացիներին խցանումներից, անհարմարություններից զերծ պահելու համար: «Հաջորդ ուղղությունը, որ ցանկանում եմ մատնանշել՝ դա կոռուպցիայի դեմ պայքարն է: Հայաստանի Հանրապետությունում առաջինն ոստիկանական համակարգում պետք է բացառվի որևէ կարգի կոռուպցիա և այստեղ մենք կարող ենք չնկատելու քաղաքականությունը փոխարինել պատժելու քաղաքականությամբ: ՀՀ-ում կոռուպցիան պետք է ընդհանրապես արմատախիլ արվի: Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական առումով տեղի ունեցավ ՀՀ-ում՝ շատերը գնահատում էին որպես անհնար մի բան: Հետևաբար, եթե մենք սկսել ենք իրականություն դարձնել անհնարինը, ուրեմն պետք է նույն տեմպով շարունակենք նաև կոռուպցիայի դեմ պայքարը, և ես ակնկալում եմ, որ ՀՀ-ում այլևս չի լինի լուր այն մասին, որ ճանապարհային որևէ տեսուչ կաշառք է վերցնում: Այն պաշտոնյան՝ ոստիկանության, թե որևէ այլ ոլորտի, որը կաշառք է վերցնում, կոռուպցիոն որոշումներ է կայացնում, պետք է սպասի իրավապահ մարմինների շատ արագ արձագանքին: Այդպիսի խնդիր ձևակերպել եմ նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետական մարմինների ամենակարևոր գործառույթը հետևյալն է. առավել հարմարավետ դարձնել քաղաքացիների կյանքը, Հայաստանում ապահովել սիրո և համերաշխության մթնոլորտ: 

«Ըստ էության, ստացվել է այնպես, որ նաև քաղաքական իրադարձությունների բերումով քաղաքացիները, հատկապես ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները և ոստիկանությունն երբեմն եղել են գծի տարբեր կողմերում: Ակնկալում եմ, որ մենք այդ գծերը կջնջենք, մանավանդ, որ վերջին մեկ ամսվա քաղաքական իրադարձությունների ժամանակ այդ գծերը սկսել էին ջնջվել, և ես ցանկանում եմ ոստիկանությանը հատուկ շնորհակալություն հայտնել վերջին մեկ ամսվա իրադարձությունների ընթացքում, առավել ևս վերջին 10-15 օրվա ընթացքում, հնարավոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների բերումով մաքսիմալ զսպվածություն ցուցաբերելու համար»,- նշել է վարչապետը: 
Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար և կարևորել ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակությունը: Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Վալերի Օսիպյանի մասնագիտական կարողությունները և մաղթել նրան արդյունավետ աշխատանք: 

Իր հերթին, Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին մեծ վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն խնդիրները, որոնք դրվել են ոստիկանության առջև ՝ բարձր մակարդակով կիրականացվեն: 
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Կադրային քաղաքականության մեջ պետք է բացառել պատկերավոր ասած կլանային մոտեցումը և ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողական առաջխաղացման սկզբունքը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ծառայությանը, Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Կարծում եմ, բոլորս լավ հասկանում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանությանը շարունակելու են ընկալել որպես մի սուբյեկտ, որը կանգնած է փշալարերի այն կողմում: Մեր և ձեր ամենակարևոր խնդիրն է շատ արագ ՀՀ քաղաքացիներին ի ցույց դնել, որ ոստիկանության և ժողովրդի միջև փշալարեր, վահաններ, հատուկ միջոցներ չկան և ոստիկանությունը ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Սա է քաղաքական խնդիրը, որ մենք շատ արագ պետք է լուծենք»,- եզրափակել է կառավարության ղեկավարը: 

366_b.jpg (1670×1113)

372_b.jpg (1670×1113)

375_b.jpg (1670×1113)

373_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: