ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտահերթ ընտրություններ Թուրքիայում. Էրդողանը կարող է դառնալ փոքրամասնության նախագահ

Ozan Kose / AFP

Թուրքիայում նախագահական ընտրություններն, ըստ ամենայնի, չեն ունենա երկրորդ փուլ: Ինչպես ցույց են տալիս A&G հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքները, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հունիսի 24-ին կայանալիք ընտրություններում կստանա ընտրողների ձայների 55 տոկոսը: Էրդողանի հիմնական մրցակիցը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Մուհարիմ Ինջեն, հարցումների համաձայն՝ կստանա ընտրողների ձայների 25.3 տոկոսը: Միևնույն ժամանակ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ինջեն կստանա ավելի շատ ձայներ, քան իր կուսակցությունը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Նույն պատկերն է նաև Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության դեպքում. հարցումների համաձայն՝ Թուրքիայի իշխող կուսակցությունը կարող է ստանալ ընտրողների մինչև 48 տոկոսի քվեն միայն: Նման պատկերն ընտրություններից հետո կարող է, իհարկե, որոշակի խնդիրներ առաջացնել երկրի ներքաղաքական կյանքում, երբ պետության ղեկավարը չունենա մեծամասնություն խորհրդարանում: Սակայն ուժերի նման դասավորվածության դեպքում չի բացառվում, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոալիցիոն դաշինք կազմի ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության հետո, որի հետ միասին այժմ էրդողանին առաջադրել է նախագահի պաշտոնում: Ամեն դեպքում, Էրդողանը ձգտելու է խորհրդարանում մեծամասնություն ունենալ բացառապես իր կուսակցությունով: Հենց այս նպատակով Էրդողանն ակտիվորեն քարոզարշավ է իրականացնում նաև արտերկրում: Թուրքական սփյուռքում ընտրական իրավունք ունի մոտ 3 մլն  քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 5 տոկոսը:

Սակայն պետք է նկատել, որ Էրդողանի համար իր կուսակցության հաղթանակն ապահովելը բավականին բարդ է լինելու: Թեև հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը որոշակիորեն զիջել է իր դիրքերը, սակայն վերջինիս ընտրազանգվածը չի անցել իշխող կուսակցության կողմը: Մերալ Աքշեների գլխավորած «Լավ» կուսակցությունը, ըստ հարցումների, կստանա նաև ԺՀԿ-ից հիասթափված ընտրողների ձայները: Միևնույն ժամանակ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը թեև զիջել է իր դիրքերը, սակայն կապահովի ընտրողների 10 տոկոսի աջակցությունը:

Այսպիսով, ի տարբերություն նախագահական ընտրությունների՝  խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլն ավելի հավանական է: Վերլուծաբանների կարծիքով, Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ իր կուսակցությունը կհեռանա, երբ ժողովուրդն ասի հերիք է, խոսում է անվստահության մասին, որ ԱԶԿ-ին կհաջողվի խորհրդարանական մեծամասնություն ձևավորել: Այս մասին վկայում են նաև սոցցանցերում Էրդողանի կողմնակիցների և ընդդիմախոսների «պայքարը»: Նշենք, որ Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությունից հետո թուրքական թվիթերում և աշխարհում սկսեց արագորեն տարածվել tamam (հերիք է) հեշթեգը: Ի պատասխան` Էրդողանի կողմնակցները սկսեցին արշավ devam (շարունակիր)  հեշթեգով: Սակայն, ինչպես պնդում են փորձագետները, tamam հեշթեգը 86 անգամ գերազանցել է  devam–ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: