ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

ՀՀ Նախագահ. մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը

Armenpress.am

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ:

Ստորև ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները:

100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Թեև այն կարճ էր, և նրան բաժին էին ընկել բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ և բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության և նոր հաղթանակների:

Այսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը։ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Պետք է մեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թռիչքի հնարավորություն են ստեղծում:

Ուրեմն, եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր:

Ի սրտե շնորհավորում եմ մեր Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ:

Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և լավատեսություն:

Կեցցե՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություները:

Կեցցե՛ Սփյուռքը:

Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
16°  29° 
21.06.2018
18°  30° 
22.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: