ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Մասիս Մայիլյան. Արցախը պատրաստ է դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության պահպանման համար պատասխանատվության բաժինը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը News.am գործակալությանը տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև, անդրադարձել է բանակցություններում Արցախի կողմ դառնալու հարցին: 

Պաշտոնական Երևանը հայտարարում է բանակցային սեղանին Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է դա հնարավոր: Ներկայացրեք, խնդրեմ, այս հարցի շուրջ Արցախի դիրքորոշումը:

- Բանակցային գործընթացին Արցախի՝ որպես լիիրավ կողմ վերադարձի անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումների հետ: Բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության մասին բազմիցս նշվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից՝ ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ վերջին երկու տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ժամանակ: Հայաստանի նախկին իշխանությունները նույնպես բարձրացրել է այս հարցը: Եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնման հնարավորության մասին խոսել են նաև միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Մի քանի տարի առաջ որպես անկախ փորձագետ՝ մամուլին տրված հարցազրույցում իմ կողմից ՀՀ և Արցախի իշխանություններին առաջարկ էր արվել հստակ կերպով բաշխել երկու հայկական պետությունների դերերն ու պարտականություններն Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը կարող էր հրաժարվել Ադրբեջանի և միջնորդների հետ քննարկել կարգավորման այն առանցքային հարցերը, որոնք, ըստ պայմանավորվածության, կվերապահվեին Արցախի Հանրապետության իշխանությունների բացառիկ իրավասությանը: Այդ պարագայում միջնորդներին և երրորդ կողմին այլ տարբերակ չէր մնա, քան բանակցային սեղանի շուրջ հրավիրել Արցախի պաշտոնական պատվիրակությանը:

Հայաստանի նոր վարչապետի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բացառապես Հայաստանի Հանրապետության անունից բանակցելու պատրաստակամության մասին Ստեփանակերտում և Հայաստանի Ազգային Ժողովում արված հայտարարություներն արդիական են դարձնում լիարժեք եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման մեխանիզմ փնտրելու անհրաժեշտությունը:

- Ինչու՞ է ադրբեջանական կողմը հակադրվում լիարժեք բանակցային ձևաչափի վերականգմանը, և ի՞նչ է տալու Արցախի մասնակցությունը բանակցություններին:

- 1992 թ․ ամռանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԽ Մինսկի Կոնֆերանցի նախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին: 1993 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ԵԱՀԽ ՄԽ երկրների կողմից ճանաչվել է որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը: Հետագայում, ԵԱՀԽ-ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում ընդունվել են տարբեր փաստաթղթեր, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմ լինելու մասին: Մասնավորապես, 1995 թ. մարտին ԵԱՀԿ գործող նախագահն իր Պրահայի եզրակացության մեջ հաստատել է. «ԵԱՀԿ կողմից նախկինում ընդունված որոշումները՝ կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այսինքն, ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ՝ Մինսկի կոնֆերանսում, հակամարտության մեջ երկու ներգրավված մասնակից-պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցության մասին»: Հարկ է նշել, որ մինչև 1994 թ․ դեկտեմբերը Մինսկի գործընթացին զուգահեռ եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության միջնորդությամբ։ Եռակողմ բանակցություններից բացի 1993 թ․ տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունների մի ամբողջ շարք, ներառյալ՝ 1993 թ. սեպտեմբերին ամենաբարձր մակարդակով հանդիպումը Մոսկվայում: Որոշ բանակցությունների արդյունքում Ստեփանակերտի և Բաքվի միջև ստորագրվել են փաստաթղթեր:

1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթից ու 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ և անժամկետ հրադադարի Համաձայնագրից բացի կարելի է բերել պաշտոնական Բաքվի և միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ ճանաչելու բազմաթիվ այլ օրինակներ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը լեգիտիմ է և անվիճելի:

Մինչև 1997 թ. ապրիլ կայացած եռակողմ բանակցությունները դրսևորվել են որպես առավել օպտիմալ ձևաչափ՝ բանակցություններում կոնկրետ արդյունքների հասնելու համար: Կողմերից յուրաքանչյուրը բանակցել է իր իրավասության տիրույթում գտնվող հարցերի շուրջ և պատասխանատվություն ստանձնել դրանց իրագործման համար: Հենց այդ ձևաչափում են արձանագրվել առավել շոշափելի արդյունքներ` 1994 թ. հրադադարի մասին Համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին պայմանավորվածությունները:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում վերադառնալ կարգավորման եռակողմ ձևաչափին, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Այս մոտեցումը կարևոր է նաև խաղաղության պայմանագրի իրականացման համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից: Արցախի իշխանությունները պատրաստ են դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության պահպանման համար պատասխանատվության իրենց բաժինը:

Ադրբեջանի փաստացի հրաժարումը Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ լիարժեք բանակցություններ անցկացնելուց նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն կամք՝ հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, և,  որ այդ երկրին ձեռնտու է ստեղծված ստատուս-քվոն, որը թույլ է տալիս նրան ժամանակ շահել՝ ինքնիշխան Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիա պատրաստելու համար: Այդ մասին է վկայում նաև ադրբեջանական իշխանությունների դժկամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայում (մայիսի 16, 2016 թ.), Սանկտ-Պետերբուրգում (հունիսի 20, 2016 թ.), Ժնևում (հոկտեմբերի 16, 2017 թ.) և Կրակովում (հունվարի 18, 2018 թ.) ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար՝ ուղղված կարգավորման գործընթացում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծն օրինաչափ հարց է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանավորվածությունները հարգելու ունակության վերաբերյալ:

Ադրբեջանի կողմից նախաձեռնված 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին աշխարհի ուժային կենտրոնները, հեղինակավոր միջազգային կառույցների և առանձին պետությունների ղեկավարները կոչ են արել կողմերին պահպանել զսպվածություն և վերադառնալ հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին: Ակնհայտ է, որ այդ կոչերը բավարար չէին և բացահայտորեն անտեսվեցին Բաքվի իշխանությունների կողմից:

Անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներ, այդ թվում՝ Արցախի անկախության ճանաչմանն ուղղված քայլեր, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և տարածաշրջանային անվտանգությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 28.97 կմ/ժ
20 C°
 
18°  27° 
22.06.2018
18°  28° 
23.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: