ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

ԱՄՆ-ի՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը լքելու պատճառները և հնարավոր հետևանքները

Fabrice Coffrini / AFP

ԱՄՆ-ը հունիսի 19-ին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին: Թրամփի վարչակազմը վերջինիս մեղադրում է երեսպաշտության և Իսրայելի նկատմամբ կողմնակալության մեջ, քանի որ «կառույցը, որին անդամակցում են մարդու իրավունքների խախտումներով հայտնի երկրներ, ինչպես օրինակ Իրանը, Եգիպտոսը, Կուբան, պարբերաբար բանաձևեր է ընդունում Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացված տարածքներում՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմում, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ»:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն այսկերպ պաշտպանում է Իսրայելի շահերը միջազգային կառույցներում. ավելի վաղ՝ 2017 թվականի հոկտեմբերին, ԱՄՆ-ը հայտարարել էր ՄԱԿ-ի մեկ այլ կառույցը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, լքելու մասին: Պատճառը ոչ միայն անդամավճարներ չվճարելու ցանկությունն էր, այլ նաև այն, որ վերջին տարիներին ՅՈւՆԵՍԿՕ-ն ընդունել է մի շարք բանաձևեր, որոնցով չի ճանաչում Իսրայելի իրավունքները վերջինիս կողմից սրբատեղի համարվող վայրերի՝ այդ թվում նաև Տաճարի բլրի նկատմամբ:

Ինչպես ՅՈւՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Մարդու իրավունքների խորհրդի դեպքում ԱՄՆ դուրս գալու ամենամեծ վնասը թերևս կլինի կառույցի ֆինանասավորման կրճատումը: Սակայն ԱՄՆ-ի նման գործելաոճը լուրջ սպառնալիք է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար: Երբ կարգավորման գործընթացի հիմնական միջնորդներից ԱՄՆ-ը շարունակում է բացահայտ պաշտպանել կողմերից մեկի շահերը, դժվար է ակնկալել, որ բանակցային գործընթացը հնարավոր կլինի հանել փակուղուց և խուսափել լարվածության նոր բռնկումներից, ինչին վերջին շրջանում պարբերաբար ականատես ենք լինում Գազայի հատվածում:

Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ ԱՄՆ-ի այս քաղաքականությունը ոչ միայն հարված է հասցնում պաղեստինա-իսրայելական կարգավորման գործընթացին, այլ նաև դաշնակիցների հետ հարաբերություններին: Թեև Մարդու իրավունքների խորհրդում մասնավորապես և ՄԱԿ-ում ընդհանրապես վաղուց զգացվում է բարեփոխումների կարիք, սակայն ԱՄՆ դուրս գալու որոշումը թերևս ամենաքիչն է կապված այդ անհրաժեշտության հետ: Վերջին շրջանում Միացյալ Նահանգներին չի հաջողվում իր կամքը թելադրել խորհրդում, ինչի մասին վկայում է Իսրայելի դեմ ընդունված վերջին բանաձևի քվեարկությունը: Ուշագրավ է նաև, որ խորհրդից դուրս գալու մասին Վաշինգտոնի որոշումն ընդունվեց այն շրջանում, երբ ամերիկյան վարչակազմն իրավապաշտպանների կողմից խիստ քննադատության է ենթարկվում միգրացիոն քաղաքականության համար: Տպավորություն է ստեղծվում, որ ամերիկյան վարչակազմն այս քայլով փորձում է որոշակի ճնշում գործադրել դաշնակիցների վրա՝ առաջնորդվելու ԱՄՆ թելադրանքով, ինչին հատկապես եվրոպական գործընկերները բավականին սուր են արձագանքում վերջին շրջանում: Եվրոպացի գործընկերների կողմից բավականին բացասաբար են ընդունվում ոչ միայն իրենց վրա ճնշում գործադրելու Թրամփի փորձերն, այլ նաև հռչակած համատեղ սկզբունքներից, արժեքներից,  մոտեցումներից, ձեռք բերված պայմանավորվածություններից ԱՄՆ հրաժարվելը:

Թրամփի այս քաղաքականության արդյունքում չի բացառվում, որ մոտ ժամանակներում մենք տեսնենք միջազգային հարաբերություններում մեկուսացած ԱՄՆ, ինչը կարող է հանգեցնել միջազգային հարաբերություններում որոշ դերակատարների ազդեցության մեծացման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 6.44 կմ/ժ
25 C°
 
20°  29° 
23.07.2018
19°  33° 
24.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: