ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կառավարությունը կաշխատի կուտակային կենսաթոշակային համակարգն առավել ընդունելի և հուսալի դարձնելու ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Մեկնարկին վարչապետը կառավարության անունից շնորհավորել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդյան օրվա և բոլոր բուժաշխատողներին՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Այնուհետև վարչապետն անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցին և նշել, որ այն չի ընդունել: «Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել, ես չեմ ընդունել հրաժարականը և մենք վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը: Պետք է նաև աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է և ինչպես պայմանավորվել ենք նախկինում, նաև Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի, Արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար: Մենք պետք է հանրության, մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Այն որոշման, որը մենք կայացրեցինք և ԱԺ-ն հաստատեց, առանցքային նպատակը նախ և առաջ ժամանակ շահելն է, որպեսզի խորը, լուրջ քննարկում ունենանք: Այս պահի դրությամբ մենք չենք կասկածում մի բանում, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի հենց իմ նշած հարցերի լուծման համատեքստում և մենք պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանը կառավարության մյուս անդամների՝ շահագրգիռ նախարարությունների, հանրության ներկայացուցիչների հետ կաշխատի, որպեսզի առաջիկա երկու ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ և ընդհանրապես ունենանք խնդիրների օրակարգը, ցանկը ու հասկանանք, թե դրանք ինչպես ենք քննարկելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի սկզբունքներին անդրադառնալու համար: «Գիտեք, որ իմ հրաժարականի պատճառը եղել է հենց սկզբունքների հետ անհամաձայնությունը և մենք պարտավորություն ունենք նաև ապահովելու համակարգի հուսալիությունն ու այն մոտեցումները, որ ներկայացվելու է Ձեզ: Պատրաստ եմ կարճ ժամկետներում ներկայացնել նախագիծն իմ գործընկերներին նախնական քննարկման համար: Ես տեսնում եմ նաև հանրության ձայնը լսելի դարձնելու, նախագիծը e-draft.am հարթակի միջոցով շրջանառելու անհրաժեշտություն, որտեղ կլինեն առաջարկություններ և շատ կարճ ժամանակում մենք կամփոփենք, նախագիծը կներկայացնենք կառավարության նիստին: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք աշնանը նախագիծը բերել վերջնական տեսքի, որն ընդունելի կլինի այնպես, որ հունվարի 1-ից կարողանանք գործարկել այդ լուծումներն և մոտեցումները: Գիտեք, որ ես առիթ եմ ունեցել ասելու, որ դա ամենադժվար ու բարդ խնդիրը չէ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար, իրականում խորքային խնդիր կա այստեղ աշխատելու և մեկ օրն անգամ այս ոլորտում խնդիրների լուծման հնարավորություն է տալիս: Պետք է անկեղծ ասեմ, որ դա ամենադժվար հարցը չէ: Շատ խնդիրներ կան նախարարությունում և ես կշարունակեմ պաշտոնավարել այդ խնդիրների առաջնահերթությունները ձեզ ներկայացնելով և լուծումներ տալով: Շատ կարճ ժամանակում կունենանք նաև կուտակային համակարգի մոտեցումների նախագիծ այն տեսքով, որի մասին խոսեցինք»,- նշել է Մանե Թանդիլյանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Ամենակարևորն այն է, որ մենք հիմա ապահովում ենք պրոցեսների բնականոն ընթացքը և մեր հիմնական խնդիրը պետք է լինի հենց դա, որպեսզի ամեն ինչ իրականացնենք հենց հայտարարված սկզբունքների շրջանակներում»:


Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր կողմից 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» և ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը հաստատելու մասին» որոշումները: Պայմանագրի խմբագրված տարբերակը Հիմնադրի և Հավատարմագրային կառավարչի միջև չի ստորագրվել և այն ուժի մեջ չի մտել, քանի որ Հիմնադիրն այլևս մտադիր չէ շարունակել աշխատանքները` ԲԷՑ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները Հավատարմագրային կառավարչին կառավարման հանձնելու գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսելու և իրականացնելու ուղղությամբ:
Կառավարությունը ևս մեկ որոշման մեջ կատարել է փոփոխություն, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ համայնքներից սուբվենցիայի տրամադրման նպատակով ներկայացվող ծրագրային հայտերի ծավալով և գործընթացի արդյունավետ կազմակերպման պահանջով: Կառավարության համապատասխան որոշման դրույթների համաձայն՝ 2018 թվականի ընթացքում ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու նպատակով ՀՀ համայնքների կողմից մշակվում և ներկայացվում են ծրագրային հայտեր, որոնք քննարկվում են սուբվենցիաների հայտերի գնահատման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում: Այդ գործընթացի վեջնաժամկետ է սահմանված ս.թ. մայիսի 30-ը: Սակայն, հաշվի առնելով, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում համայնքներում նախատեսվող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրային հայտերի մշակման գործընթացը, այդ թվում ծրագրերի նախագծանախահաշվարկային աշխատանքների ընթացքը դանդաղել է, և համայնքներում առկա են առաջնահերթ կարգով լուծման ենթակա համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրային փաթեթները, անհրաժեշտություն է առաջանում սուբվենցիայի ծրագրային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել մինչև հունիսի 30-ը: 
Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել է «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 24 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 320 հազ. դրամ:
Վարչապետ Փաշինյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել է՝ արդյոք այսպիսի որոշումներ կայացնելիս սուբյեկտիվիզմի մասին կարող է խոսք լինել և արդյոք այս որոշմամբ կառավարությունը նպաստում է, որ հակակարկտային ցանցերի գներն ավելի մատչելի լինեն գյուղացիական տնտեսությունների համար: 
Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացի հետ կապված և նշել՝ ակնկալվում է, որ տեղի կունենա գների նվազում: Նախարարը հույս է հայտնել նաև, որ առաջիկայում նոր կազմակերպություններ մուտք կգործեն այս շուկա, քանի որ ոլորտը, ըստ նրա, չափազանց կարևոր է: 
Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հետ կապված վերահսկողություն է սկսել այս ուղղությամբ: «Նախնական արդյունքներով՝ ունեցել ենք ոչ քիչ թվով այսպիսի արտոնություններից օգտված ընկերություններ, որոնք սահմանված ժամկետը լրանալու պահին կամ դրանից որոշ ժամանակ առաջ սնանկ են ճանաչվել: Ի հայտ է եկել չարաշահումների խնդիր և այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են: Ներկա դրությամբ մոտ 8 ընկերության մասին այդպիսի տեղեկություններ կան»,- ասել է գլխավոր դատախազը: 
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել. «Սյս առումով, կարծում եմ՝ մոնիթորինգային, վերահսկողական ծառայությունները, իհարկե նաև գլխավոր դատախազությունը պետք է այս հարցերը պահեն ուշադրության կենտրոնում»: 
Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև՝«Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5.7-րդ հոդվածին համապատասխան տեղեկատվության փոխանակման իրականացման մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Վերոնշյալ արձանագրությունը սահմանում է կողմերի միջև տեղեկությունների էլեկտրոնային փոխանակման կարգը՝ մաքսային գործառնությունների իրականացումը դյուրացնելու, ապրանքների բացթողումն արագացնելու և մաքսային օրենքների ու կարգավորումների խախտումները կանխելու նպատակով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: