Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ուղիղ կապի ապահովումն առաջնային խնդիր է, անկախ կողմերի հանդիպման ձեւաչափից։ Համոզված է ամերիկացի պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել և առանց կարգավորման անհնար է խոսել ամուր կայունության մասին»,- «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայրարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով, կողմերն այժմ փոքր քայլերով փորձում են փոխվստահություն հաստատել. այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս Ադրբեջանից Հայաստան ռազմագերիների վերադարձը, իսկ Հայաստանի կողմից` ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը:
«Ղարաբաղյան խնդրի առավել կարևոր հարցը սակայն Ղարաբաղի կարգավիճակն է, և, կարծում եմ, ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարևոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն, հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն և Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան և առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»,- ասել է նա։
Ուորլիքի խոսքով, միջազգային հանրությունը պետք է հետ քայլ կատարի՝ փորձելով կարգավորել Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մինսկի խմբի օգնությամբ, չպետք է կարծել, որ ղարաբաղյան հարցն այլևս լուծված է պատերազմով:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։