Կադիրովը վրդովված է Թուրքիայում Դուդաեւի զբոսայգու բացումից և ՌԴ ԱԳՆ-ին կոչ է անում քայլեր ձեռնարկել

09:50     22 դեկտեմբերի, 2021

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը չեչեն անջատողականների առաջնորդ, Իչկերիա Չեչենական ինքնահռչակ Հանրապետության (ԻՉՀ) նախագահ Ջախար Դուդաևի անունը կրող այգու բացումից հետո դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կադիրովը նաև կոչ է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին որոշել, թե արդյոք ինքը կողմ է «թափանցիկ և ազնիվ հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ», հայտնում է News.am-ը:

Ըստ մի քանի ԶԼՄ-ների՝ դեկտեմբերի կեսերին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կորֆեզ քաղաքում բացվել է այգի, որն անվանակոչվել է չեչեն անջատողականների առաջնորդ, Իչկերիա Չեչենական ինքնահռչակ Հանրապետության (ԻՉՀ) նախագահ Ջախար Դուդաևի անունով։

«Ինձ են դիմել Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի, իրավապահ մարմինների և հոգևորականների ներկայացուցիչներ՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք կոծկում են Ռուսաստանում հանցագործություն կատարած ահաբեկիչներին, այնուհետև համացանցում ցեխ են շպրտում երկրի և հանրապետության ողջ ղեկավարության վրա։ Դիմում եմ նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ Թուրքիայի իշխանությունների ներկայիս գործողություններն ուղղակի սպառնալիք են դարեր շարունակ զարգացող ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Պետք է ուշադրություն դարձնել սրան և կանխարգելիչ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել նման դրսևորումների դեմ»,- գրել է Կադիրովը։


© armedia.am