Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը չեչեն անջատողականների առաջնորդ, Իչկերիա Չեչենական ինքնահռչակ Հանրապետության (ԻՉՀ) նախագահ Ջախար Դուդաևի անունը կրող այգու բացումից հետո դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կադիրովը նաև կոչ է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին որոշել, թե արդյոք ինքը կողմ է «թափանցիկ և ազնիվ հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ», հայտնում է News.am-ը:
«Ինձ են դիմել Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի, իրավապահ մարմինների և հոգևորականների ներկայացուցիչներ՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք կոծկում են Ռուսաստանում հանցագործություն կատարած ահաբեկիչներին, այնուհետև համացանցում ցեխ են շպրտում երկրի և հանրապետության ողջ ղեկավարության վրա։ Դիմում եմ նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ Թուրքիայի իշխանությունների ներկայիս գործողություններն ուղղակի սպառնալիք են դարեր շարունակ զարգացող ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Պետք է ուշադրություն դարձնել սրան և կանխարգելիչ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել նման դրսևորումների դեմ»,- գրել է Կադիրովը։