ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանի դրույթը. ՊՇՌ թեստի համար չպետք է վճարի աշխատողը

18:41     23 դեկտեմբերի, 2021

Սահմանադրական դատարանն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում որոշեց, որ հակասահմանադրական է Առողջապահության նախարարի հրամանի որոշ դրույթներ: Մասնավորապես, ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի  և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ Նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց  վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների  շրջանակից, հայտնում է News.am-ը:

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նշենք, որ ՍԴ էին դիմել ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ վիճարկելով առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների և թեստավորումների մասին հրամանի սահմանադրականությունը:

Նշենք՝ ըստ որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Ըստ դիմումը ներկայացրած պատգամավորների՝  այդ հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատգամավորներն արձանագրել էին, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։


© armedia.am