Ղարաբաղում ոչնչացվել է 26090 պայթուցիկ առարկա. ռուս խաղաղապահների ներկայացուցիչ

16:24     29 դեկտեմբերի, 2021

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի և ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերահսկման առաջադրանքները։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Օլեգ Գորբունովը, փոխանցում է news.am-ը։

«Պատասխանատվության ոլորտում խախտումներ չեն արձանագրվել, մանր միջադեպերը տեղում կարգավորվել են համատեղ ջանքերով։

Մեկ ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով ապահովվել է ադրբեջանական զինուժի 50 ավտոշարասյունների անվտանգ անցումը հյուսիսային և հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և Մատաղիս-Գետավան-Վանք և հակառակ երթուղիներով: .

Նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ուղեկցել են մոտ 300 ուխտավորի:
Զինադադարի վերահսկման, իրավիճակի մշտադիտարկման և սադրիչ գործողությունների կանխման նպատակով խաղաղապահ զորախմբի շարժական խմբերը 69 պարեկություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի համաձայնեցված երթուղիներով։

Մարդասիրական արձագանքման կենտրոնը տասը գործողություն է իրականացրել՝ ներքին տեղահանվածներին և կարիքավոր ընտանիքներին օգնություն տրամադրելու նպատակով:

Ամանորի և սուրբծննդյան տոների նախաշեմին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շնորհավորել են գալիք Ամանորը և նվերներ հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ 8 հազար երեխաների։ Շուրջ 9 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել։

Խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի բժիշկները մեկ ամսվա ընթացքում որակավորված օգնություն են ցուցաբերել տեղի 78 բնակչի։

Անցած ամսվա ընթացքում ռուս խաղաղապահները 55 այցելություն են կատարել՝ գյուղատնտեսական և վերանորոգման աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ռուսական ինժեներական ստորաբաժանումների կողմից շարունակվում են տեղանքի և առարկաների ականազերծումը, ինչպես նաև` չպայթած զինամթերքի ոչնչացումը։

Մինչ օրս ստուգվել է 1903 շենք, մաքրվել է 683 կմ ճանապարհ և 2328 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 26090 պայթուցիկ առարկա։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրները՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Օլեգ Գորբունովը։


© armedia.am