Տոկաևը Սարգսյանին տեղեկացրել է Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին

18:20     11 հունվարի, 2022

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը, զրույցի ընթացքում նախագահ Տոկաևը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

«Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում երկրում վերջնականապես կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը, իսկ հետևանքների հաղթահարումը ապագայի նոր ճանապարհ կբացի Ղազախստանի և նրա ժողովրդի համար։ Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է Ղազախստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման Հայաստանի պատրաստակամությունը:


© armedia.am