Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ժամանակացույցին խիստ համապատասխան, իսկ առաջադրված բոլոր խնդիրները կատարվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նրա խոսքով՝ ռուս զինծառայողները միջանցքներ են տրամադրել առանց բացառության բոլոր բախումների գոտիներում, ապահովել են տրանսպորտ, որպեսզի խաղաղ բնակիչները, օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունենան անվտանգ վայր մեկնել:
«Կրկին ընդգծում եմ․ ազգայնականները թույլ չեն տալիս անել դա։ Ավելին, հիմա օտարերկրյա քաղաքացիները դիմում են իրենց իշխանություններին, իսկ նրանք արդեն իրենց հերթին պետք է դիմեն Ուկրաինայի ԱԳՆ-ին։ Փաստացի, մարդկանց ուղղակի կրակի տակ են շպրտում»,-ասել է ՌԴ առաջնորդը։
«Մարտերի ընթացքում թե՛ մեր զինծառայողները, թե՛ Դոնբասի աշխարհազորայինները իսկապես զանգվածային հերոսություն են ցուցաբերում»,- նշել Է Պուտինը՝ կոնկրետ օրինակներ բերելով:
«Ես ռուս մարդ եմ, և իմ տոհմում, ինչպես ասում են, հենց միայն Իվաններ ու Մարիաներ են, բայց երբ ես տեսնում եմ այնպիսի հերոսության օրինակներ, ինչպես դաղստանցի, ազգությամբ լակ երիտասարդ Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովի սխրանքը, մեր մյուս մարտիկների սխրանքը, ես ուզում եմ ասել․ «Ես լակ եմ, ես դաղստանցի եմ, ես չեչեն եմ, ինգուշ եմ, ռուս եմ, թաթար, հրեա, մորդվին, օս։ Ռուսաստանի բոլոր էթնիկ խմբերն անհնար է թվարկել, բայց ես հպարտանում եմ, որ այդ աշխարհի մի մասն եմ, Ռուսաստանի հզոր, բազմազգ աշխարհի մի մասը։ Դրա հետ մեկտեղ երբեք չեմ հրաժարվի այն համոզմունքից, որ ռուսներն ու ուկրաինացիները միևնույն ազգն են»։ Ավագ լեյտենանտ Գաջիմագոմեդովին Պուտինը հետմահու Ռուսաստանի Հերոսի կոչում է շնորհել։
Պուտինն ընդգծել է, որ հատուկ գործողության ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքների բոլոր անդամները կստանան օրենքով նախատեսված ապահովագրական վճարներ և միանվագ նպաստ:
Զոհվածների ընտանիքները կստանան միանվագ նպաստ՝ 7 մլն 421 հազար ռուբլի։ Նաև ամսական դրամական փոխհատուցում կվճարվի զոհվածների ընտանիքների յուրաքանչյուր անդամին: