Գազամատակարարման վերականգնման հարցը բանակցությունների փուլում է. Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ

13:08     14 մարտի, 2022

Գազամատակարարման վերականգնման հարցը բանակցությունների փուլում է։ Այս մասին մարտի 14-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Այս առնչությամբ նա առայժմ որևէ մանրամասն հաղորդել չի կարողացել։ Ավանեսյանը պարզաբանել է, որ մարդիկ տաքանում են էլեկտրաէներգիայի և փայտի օգտագործմամբ (վերջինը հիմնականում վերաբերում է գյուղերին)։ «Սա այժմ այլընտրանք է համարվում։ Սպասում ենք բանակցությունների ավարտին։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- նշել է Արցախի նախագահի մամուլ քարտուղարը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ից Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում գտնվող և Ղարաբաղը սնուցող գազատարը վնասվել է։ Այդ պահից ադրբեջանցիների հետ բանակցություններ են վարվում, բայց նրանք խանգարում են նորոգման աշխատանքներին։ 

Արցախի բնակիչներն արդեն յոթերորդ օրն է՝ զրկված են գազից։


© armedia.am