ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է ՎԶԵԲ-ի պատվիրակության հետ

17:36     17 մարտի, 2022

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 17-ին, հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ:

Նախարարության հաղորդագրության համաձայն, Գվինդաձեն նախարարին է ներկայացրել  ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, ով այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը:

Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ աշխատանքային քննարկումները մշտապես բարձր մակարդակի վրա են, և առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ առաջ մղելու և արդյունավետ իրականացնելու համատեղ ծրագրերն ու գաղափարները: Նախարարի խոսքով ներկայում ՀՀ տնտեսական շահի պաշտպանությունն առաջնահերթություն է Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում:

Պարոն Գվինդաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին ՀՀ ֆինանսների նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության, իրականացրած  ու հաջողած բազմաթիվ ծրագրերի համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև կանաչ տնտեսությանը, ջրային ենթակառուցվածքներին, քաղաքային միջավայրի զարգացմանն ու տրանսպորտային ցանցի բարելավմանն առնչվող թեմաներին: 


© armedia.am