Oriflame-ը հեռանում է ռուսական շուկայից

18:16     22 մարտի, 2022

Շվեդական Oriflame ընկերությունը կրճատում է գործունեությունը Ռուսաստանում: Խոսքը  շուկայավարման, վերապատրաստման և միջոցառումների ոլորտում ներդրումների կասեցման մասին է: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ։ 

Oriflame-ը նաև դադարեցնում է չգրանցված հաճախորդների՝ իրենց անձնական գեղեցկության խանութի միջոցով ապրանքներն առցանց գնելու հնարավորությունը: Սակայն ապրանքանիշի գործընկերները կարող են շարունակել գործել՝ հաշվի առնելով նախկինում հայտարարված փոփոխությունները:

«Շարունակվող պատերազմը գործառնական և իրավական խնդիրների հետ մեկտեղ անհնարին է դարձնում մեր ռուսական բիզնեսը ներկայիս տեսքով շարունակելը», - հայտնել է Oriflame-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:


© armedia.am