Հարցը պետք է հասցեագրել Բաքվին․ ՌԴ փոխարտգործնախարարը՝ Փառուխի հատվածից ադրբեջանական զորքերը հետ քաշելու մասին
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական զորքերը վերադառնալու են իրենց նախկին դիրքերը, պատասխանել է՝ այդ հարցը պետք է հասցեագրել Բաքվին։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունն է արել՝ մտահոգություն հայտնելով ղարաբաղյան գոտում լարվածության աճի կապակցությամբ», - ասել է Ռուդենկոն, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Կիրակի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ հերքեց ՌԴ ՊՆ–ին։ Այսօրվա դրությամբ՝ Արցախից հայտնում են, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում։