Բելառուսն արգելել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը

16:22     30 մարտի, 2022

Բելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելել է որոշակի տեսակի ապրանքների արտահանումը հանրապետությունից։ Այս մասին մարտի 28-ին հայտնել է երկրի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը։

Որոշումն արգելում է բրնձի, ձավարեղենի, ամբողջական ալյուրի, վերամշակված ձավարեղենի, մակարոնեղենի արտահանումը։ Նշվում է, որ քայլը ձեռնարկվել է պակասուրդի ստեղծումը կանխելու, ինչպես նաև Բելառուսի պարենային անվտանգությունը պահպանելու նպատակով։ 

Որոշումն ուժի մեջ կլինի երեք ամիս։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին Բելառուսը վեց ամսով երկարացրել է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, տրիտիկալեի և այլ հացահատիկային սերմերի արտահանման ժամանակավոր արգելքը:


© armedia.am