Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է այս կամ այն ձևով ներառել ռուսական նավթի ներմուծման սահմանափակումներ, սակայն պետք է նախագծված լինի այնպես, որ նվազագույնի հասցվի միության անդամ երկրներին հասցվող վնասը:
«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, և հարցերից մեկը, որը մենք քննարկում ենք, նավթային էմբարգոյի այս կամ այն ձևն է: Երբ մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մենք պետք է դա անենք այնպես, որ առավելագույնի հասցնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով մեզ հասցվող կողմնակի վնասը», - ասել է Դոմբրովսկիսը երկուշաբթի օրը հրապարակված The Times-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: