Մայիսի 5-ին նշվում Է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը

11:00     5 մայիսի, 2022

Մայիսի 5-ին համաշխարհային հանրությունը նշում է որպես Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օր։

1992 թվականի այս օրը Եվրոպայի 17 երկրների սահմանափակ հնարավորություններով մարդիկ անցկացրեցին պայքարի օր հանուն հաշմանդամների իրավունքների պաշտպանության և ֆիզիկական, հոգեկան կամ զգայական սահմանափակումներով մարդկանց խտրականության դեպքերի բացառման:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատումներով՝ ավելի քան մեկ միլիարդ մարդ ինչ-որ ձևի հաշմանդամություն ունի, ինչը համապատասխանում Է աշխարհի բնակչության գրեթե 15 տոկոսին: Ավելի քան 100 միլիոն հաշմանդամներ երեխաներ են: Ընդ որում՝ հաշմանդամության ցուցանիշներն աճում են, և դա կապված է բնակչության ծերացման և քրոնիկական հիվանդությունների աճի հետ։

2006թ․ դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում ընդունվել է Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ Կոնվենցիան, որը XXI դարում մարդու իրավունքների ոլորտում առաջին համակողմանի պայմանագրերից մեկն է։ Այն ուժի մեջ է մտել 2008թ․ մայիսի 3-ին՝ 50 երկրների կողմից վավերացվելուց հետո և ուղղված է սահմանափակ կարողություններով մարդկանց լիարժեք մասնակցությանը հասարակության քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին, հաշմանդամների հանդեպ խտրականության վերացմանը, հաշմանդամների պաշտպանությանը և նրանց կողմից մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացմանը, ինչպես նաև այդ իրավունքների ապահովման իրավական արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը։

Կոնվենցիան ստորագրել Է 159 պետություն, վավերացրել՝ 156-ը:


© armedia.am