Ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. կա վիրավոր

16:05     7 մայիսի, 2022

Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ ադրեջանական կողմի ինտենսիվ կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, չեն դադարել նաև այսօր։ Կեսօրին դրանք շարունակվել են, ունենք վիրավոր աշխատակից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նրա տեղեկացմամբ՝ վիրավորոմ ստացած քաղաքացին աշխատում է արտադրությունում։

«Վնասվել է աշխատակցի ձախ ձեռքը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Այս պահին նա գտնվում է հոսպիտալում, և բժիշկները հանքի աշխատակցի վիճակը գնահատում են կայուն», - ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Ընկերության ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ տեղեկութուն չունի՝ արդյոք այս պահին էլ ինտենսիվ կրակոցները հանքի տարածքում շարունակվում են։

«Բայց կարող եմ ասել, որ Սոթք հանքավայրը դադարեցրել է աշխատանքները, և աշխատակիցները տարհանվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասաց մեր զրուցակիցը։


© armedia.am