Հայաստանում ինֆլյացիան ներկայումս աճում է․ ԿԲ

16:38     31 մայիսի, 2022

Հայաստանում ինֆլյացիան ներկայումս աճում է։ Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, փոխանցում է news.am-ը։

Այսպես, 2022 թվականի մարտին արված վերջին կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին ինֆլյացիան պետք է լիներ 6-6,5 տոկոսի մակարդակում։ Սակայն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված՝ նոր ցնցումներ առաջացան։

«Հիմնական արտաքին ցնցումը էներգակիրների թանկացումն է եւ գլոբալ թանկացումը՝ կապված մատակարարումների շղթաների սպասարկման հետ։ Այս պահին մենք գնահատում ենք այդ ցնցումների ազդեցությունը, թեեւ որոշակի առումով իրականում արդեն տեսնում ենք դրանք։ Վերջին մեկ ամսվա ընթացքում գնաճը կրկին սկսել է աճել»,- ասաց Երիցյանը։

Նա հույս հայտնեց, որ ԿԲ դրամավարկային քաղաքականության արդյունքում երեք ամսից ինֆլյացիան կրկին կսկսի նվազել։

«Եթե նոր ցնցումներ չլինեն, գնաճը կվերադառնա թիրախային 4 +/-1,5 տոկոսին»,- ասաց ԿԲ փոխնախագահը։


© armedia.am