ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռումինիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է դիվանագետ Քեյթլին Էնն Կավալեկին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Radio România-ն։
Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ Ռումինիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կին դիվանագետ է առաջադրվել: Այդ պաշտոնում Կավալեկին պետք է հաստատի ԱՄՆ կոնգրեսը:
2019 թվականից Կավալեկը զբաղեցրել է Բոսնիա և Հերցեգովինայում ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի պաշտոնը։ Նախկինում աշխատել է Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում, եղել է Ռուսաստանի հարցերով դեպարտամենտի տնօրենը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը Փարիզում։
Կավալեկը աշխատել է ԱՄՆ դեսպանատներում Բուխարեստում, Կիևում և Մոսկվայում (երկու անգամ), ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը Բերքլիում և Ջորջթաունի համալսարանը Վաշինգտոնում, տիրապետում է ռումիներեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին: