Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է Ռումինիային ռազմական և քաղաքական միացման նախապատրաստման մասին և զգուշացրել է երկիրը «արյունալի տարածաշրջանային պատերազմի» մեջ ներքաշվելու վտանգի մասին։
«Նախապատրաստվում է մեր երկրի ռազմական և քաղաքական միացումը Ռումինիայի տարածքին: Միակցմանը տեխնիկապես պատրաստվելու համար անհրաժեշտ էր, որ Մոլդովայի Հանրապետությունը ցույց տա իր անկարողությունը ինքնուրույն ապահովելու տնտեսական, էներգետիկ և տարածքային անվտանգությունը: Պետք էր բարոյալքել քաղաքացիներին, որպեսզի նրանք դադարեին հավատալ իրենց երկրին»,- չորեքշաբթի գրել է Դոդոնը Telegram-ի իր ալիքում։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այսօր սպառնալից իրավիճակ է տիրում էներգետիկայի, պարենային անվտանգության, սոցիալական ոլորտում։ Ճգնաժամը սրվում է հակառուսական պատժամիջոցներին Մոլդովայի միացմամբ, արևմտյան երկրների կողմից Մոլդովայի պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտության շուրջ խորհրդակցություններով։
«Կա տարածաշրջանային արյունալի պատերազմի մեջ ներքաշվելու և պետականությունը կորցնելու իրական վտանգ»,- կարծում է նախկին նախագահը։
Նրա խոսքով, «պարզ է, որ Մայա Սանդուն (Մոլդովայի նախագահ) և նրա արտաքին տերերը հետևում են ուկրաինական սցենարին՝ հրահրելով իրավիճակի կանխամտածված ապակայունացում», մինչդեռ Արևմուտքը «ցանկանում է օգտագործել մոլդովացիներին որպես «թնդանոթի մսացու» աշխարհաքաղաքական ճակատամարտում»։
«Ըստ էության, այդ բոլոր սպառազինման գործընթացները և հակառուսական հիստերիան կազմակերպվում են միտումնավոր՝ արդարացնելու ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Մոլդովայի Հանրապետության տարածքում»,- ասել է նա։