Միշուստինը հայտարարել է Արևմուտքի կողմից ԵԱՏՄ առանձին պետությունների վրա ճնշումների ուժեղացման մասին

16:43     21 հունիսի, 2022

ԵԱՏՄ առանձին պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի ճնշումը ուժեղանում է, դա անդրադառնում է միության բոլոր անդամների վրա, նման քայլերին արդյունավետ արձագանքել հնարավոր է միայն միասնաբար, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

««Հնգյակի» առանձին պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի ճնշումն ուժեղանում է, դա անդրադառնում է միության բոլոր անդամների վրա։ Մեր տնտեսությունները սերտորեն կապված են, ուստի մենք միայն միասին կարող ենք արդյունավետորեն արձագանքել ոչ բարեկամական քայլերին»,- երեքշաբթի Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում ասել է Միշուստինը։

Նա նշել է, որ այժմ գլխավոր խնդիրը պատժամիջոցների ազդեցությունը քաղաքացիների վրա նվազագույնի հասցնելն է և մակրոտնտեսական կայունությունը ամրապնդելը։ «Կարևոր է ապահովել եվրասիական ինտեգրման հետագա առաջանցիկ զարգացումը, համատեղ հաղթահարել միջազգային տնտեսական համակարգի անկայունության հետևանքները նոր բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում»,- ընդգծել է Միշուստինը։

 


© armedia.am