Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները մինչև գործարքի վերականգնումը

17:18     25 հուլիսի, 2022

Իրանը չի վերսկսի իր միջուկային օբյեկտներում տեսախցիկների աշխատանքը մինչև իրանական միջուկային դոսիեի հետ կապված պայմանագրի ստորագրումը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից 2015 թվականից հետո [իրանական օբյեկտներում] տեղադրված հսկողության տեսախցիկները չեն աշխատի, քանի դեռ միջուկային գործարքը չի վերսկսվել»,- ասել է Էսլամին:

Հունիսի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել էր, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է այն մասին, որ մի քանի միջուկային օբյեկտներից հեռացնում է գործակալության 27 տեսախցիկները, որոնց օգնությամբ մոնիթորինգ է իրականացվել:


© armedia.am