ՀՀ ԱԺ փոխնախագահը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

18:21     26 հուլիսի, 2022

 Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:

ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված Հայաստանի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր:


© armedia.am