Իրանը կզբաղվի ռուսական ինքնաթիռների նորոգմամբ և տեխնիկական սպասարկմամբ

12:25     27 հուլիսի, 2022

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մամուլի խոսնակ Միր Աքբար Ռազավին հայտարարել է Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին, որի հիման վրա երկու երկրների միջև ուղևորափոխադրումների թիվը հասել է շաբաթական 35-ի, հայտնում է Mehr-ը։

Ռազավին հայտնել է, որ Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարն այս գիշեր հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշի հետ։

Իրանի և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հանդիպման ժամանակ ընդգծել են օդային տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման ընթացքում երկու երկրների միջև թռիչքների հաճախականության ավելացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի հիման վրա երկու երկրների միջև ուղևորափոխադրումների թիվը հասել է շաբաթական 35-ի, ընդգծել է Ռազավին։

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների ավիաընկերություններին վերոնշյալ համաձայնագրով թույլատրվում է առանց թողունակության սահմանափակման բեռնափոխադրումներ իրականացնել:

Որոշվել է նաև համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ համագործակցության մասին՝ Իրանում արտադրված մասերի և սարքավորումների՝ Ռուսաստան արտահանման, ինչպես նաև իրանական վերանորոգման կենտրոնների կողմից ռուսական ինքնաթիռների վերանորոգման և սպասարկման ծառայությունների և տեխնիկական աջակցության տրամադրման շրջանակներում, հավելել է Ռազավին:


© armedia.am