526 պայմանագրային զինծառայողներ արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ կստանան

11:32     28 հուլիսի, 2022

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով հնարավորություն է տրվում զինծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ ստանա:

Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով. «Նախատեսվում է ՊՆ-ի համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022-ին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին:

Ըստ այդմ, 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման  համար անհրաժեշտ տեղեկանք: Որոշման նախագծով, ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ավարտլուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում»:

Իր հերթին փոխվարչապետ Համբարձում մաթևոսյանը մանրամասնեց, որ այս ծրագրով ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10 տոկոսը և վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը  սուբսիադավորում է պետությունը:

«Այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողներին ևս  կհատկացվի անհրաժեշտ տեղեկանքը»:


© armedia.am