Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահը պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ

18:00     28 հուլիսի, 2022

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Բարբոսան պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրիմերան ներկակացնող «Պալմա Ֆուտզալ» ակումբի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է «Բարսելոնային»:

«Պալմա ֆուտզալը» գալիք մրցաշրջանում հանդես կգա ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի էլիտ ռաունդում:

Լուանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած առաջին ֆուտզալիստը, ով հանդես կգա աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում` Իսպանիայում:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով. 

«Շատ երջանիկ եմ։ Սա երազանք էր և նպատակ միևնույն ժամանակ. խաղալ աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում՝ Իսպանիայում։ Այժմ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ ակումբիս՝ հասնելու մեծ նվաճումների։

Չգիտեի, որ Հայաստանը ներկայացնող առաջին ֆուտզալիստն եմ, ով հանդես է գալու Իսպանիայի Պրիմերայում։ Առավել քան հպարտ եմ, որ իմ խաղով ներկայացնելու և բարձր եմ պահելու Հայաստանի պատիվը»։


© armedia.am