Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0

21:25     29 հուլիսի, 2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկած շախմատի Համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Մադագասկարի թիմին` 4:0, հայտնում է News.am-ը։

Չորս պարտիաներում հաղթանակ տարան Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) և Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։

Արման Փաշիկյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմի առաջատարը Գաբրիել Սարգսյանն (2698) է։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն է։

Կանանց Հայաստանի հավաքականը առաջին տուրում մրցել էր Բոթսվանայի թիմի հետ և առավելության հասել 4:0 հաշվով։

Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ Հայաստանի թիմում խաղացին Էլինա Դանիելյանը (2441), Աննա Սարգսյանը (2378), Մարիամ Մկրտչյանը (2285) և Սուսաննա Գաբոյանը (2270)։

Հավաքականում ընդգրկված է նաև Լիլիթ Մկրտչյանը (2362), որը երկրորդ համարն է։

Կանանց Հայաստանի թիմը 2367 միջին վարկանիշով 9-րդն է։

 

 


© armedia.am