Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

09:45     18 օգոստոսի, 2022

Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Բարձրաստիճան դիվանագետը ընդգծեց՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան և կողմերը ուղիղ կապի մեջ են՝ առանց մանրամասնելու խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է և կոնկրետ ում միջև։

«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ [2020թ. նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ», - նշեց Սելեզնյովը:

Ռուսաստանի փոխդեսպանը, մինչդեռ, պնդեց, թե ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը արդեն պատրաստ կլինի։

«Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, և այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերը ուղիղ կապի մեջ են, և ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը չկա», - ասաց Մաքսիմ Սելեզնյովը։

 


© armedia.am