Արցախի ճանաչումը շատ բարդ է, բայց դա ամենևին չի նշանակում, թե հնարավոր չէ. Դավիթ Բաբայան

19:15     8 սեպտեմբերի, 2022

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրում է.

«Արցախի ճանաչումը շատ բարդ է, բայց դա ամենևին չի նշանակում, թե հնարավոր չէ:

 

Ո՞վ է իմանում, թե վաղն ինչ կլինի, ինչպես կփոխվի աշխարհը: Շատ բան կախված է մեր ճիշտ աշխատանքից, սա ևս չպետք է մոռանանք: Կամ, ասենք թե՝ ճանաչումը բարդ է, ու մենք դեռևս չենք հասել մեր վերջնանպատակին, և՞… հարցի էությունը դա չէ, մեզ համար կարևորն Արցախի փրկությունն է, դե ֆակտո փրկությունը:
Արցախակենտրոն լինելը հիմա մեր ժողովրդի առաջ կանգնած ամենակարևոր խնդիրն է: Համազգային համար մեկ խնդիրն է ու պետք է լինի, քանի որ, եթե կործանվեց Արցախը, կործանվելու է ամեն ինչ: Թող որևէ մեկը պատրանքներով չտառապի, Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակները շատ պարզ ու հստակ են: Ես չեմ ասում, որ չպետք է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնենք, իհարկե, պետք է և անհրաժեշտ է, ավելի քան անհրաժեշտ է, բայց պետք է հասկանանք, որ երբեք ոչ մի տեղ իդեալական խաղաղություն չի լինում:
Խաղաղությունը բալանս է՝ ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական, միայն այդ ձևով մենք կարող ենք կայունություն և խաղաղություն պահպանել, իսկ դրա համար պետք է նաև լինել ուժեղ, շատ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել, ներքաղաքական հարցերը կարողանալ լուծել ճիշտ, հանրությունը չլինի երկպառակտված: Մենք պետք է խոսենք ամենանուրբ թեմաներից և ճիշտ պատկերացնենք դրանք, որոշումներ կայացնենք՝ մեր ազգային շահերից ելնելով: Խնդիրը ոչ միայն Արցախի անկախությունն է, խնդիրն այն է, որ փրկենք Արցախը, կլինի դա ճանաչման միջոցով, թե դե ֆակտո ուժեղ պետականության վերականգնմամբ, սա է խնդիրը»։

 


© armedia.am