Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պետք է համաձայնեցվի ԵՄ-ի արտաքին քաղաքական որոշումների և քաղաքականության հետ. Բորելի գրասենյակ

12:53     19 սեպտեմբերի, 2022

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել համաձայնեցնել իր արտաքին քաղաքականությունը Բրյուսելի հետ, փոխանցում «Իզվեստիա»-ն։

Նա հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի Ռուսաստանին առաջարկել ԵՄ սահմանափակիչ միջոցների շրջանցման տարբերակներ։ «ԵՄ-ի փոխգործակցության մասին խոսելով Թուրքիայի՝ կարևոր հարևանի, Եվրամիության գործընկերոջ և ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի հետ՝ մենք ընդգծում ենք այն բանի կարևորությունը, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը համաձայնեցվի ԵՄ-ի արտաքին քաղաքական որոշումների և քաղաքականության հետ, այդ թվում և պատժամիջոցների մասով։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին այս առումով»,- ասել է Ստանոն։

Մինչ այդ տեղեկացվել էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ թուրքական բանկերի վրա ճնշումն ուժեղացնելու մտադրության մասին, այն մտավախությամբ, որ Ռուսաստանին կհաջողվի շրջանցել պատժամիջոցները դրանց օգնությամբ։ Դա հատկապես վերաբերում է այն բանկերին, որոնք միացել են «Միր» վճարային համակագին։ Թուրքիան, իր հերթին, հավաստիացրել է, որ չի խախտում քաղաքականությունը և պատժամիջոցները շրջանցելու ուղի չի հանդիսանում։


© armedia.am